News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինացիները հիասթափված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքին անդամակցելու արագ ուղու հույսերի հետ կապված ԵՄ տեսլականի մասին ելույթից, գրում է Newsweek-ը։

Երկուշաբթի Մակրոնն առաջարկել էր «նոր եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որը բաց կլինի ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների համար, ինչպիսին Ուկրաինան է՝ հավելելով, որ Կիեւը կարող է «մի քանի տասնամյակ» պահանջվել ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից արագացված անդամակցության ճանապարհային քարտեզի կրկնվող կոչերը ձախողեցին ԵՄ մի քանի հիմնական մայրաքաղաքներում՝ չնայած համաեվրոպական եռանդուն հանրային հռետորաբանությանը: Մինչ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ աջակցում են Ուկրաինայի արագ մուտքին, Կիեւը չի վայելում ԵՄ 27 անդամների միասնական աջակցությունը:

Երկուշաբթի Մակրոնի ելույթը հնչեցվեց այն նույն օրը, երբ Զելենսկու կառավարությունը լրացրեց ԵՄ անդամակցության հարցաթերթիկի երկրորդ մասը, եւ հիասթափություն առաջացրեց Ուկրաինայում։

Ուկրաինայի Ռադայի անդամ, արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայիս նախագահ Ալեքսանդր Մերեժկոն Newsweek-ին ասել է, որ Մակրոնի առաջարկն «անընդունելի է Ուկրաինայի համար»:

«Ուկրաինան ԵՄ-ին լիիրավ անդամակցություն է պետք,- պարզաբանել է Մերեժկոն։- Մենք լիովին վաստակել ենք ԵՄ անդամակցությունը եվրոպական արժեքների եւ Եվրոպայի համար մեր պայքարի շնորհիվ։ Պատճառներից մեկը, թե ինչու է Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ մղում Ուկրաինայի դեմ, այն է, որ Ուկրաինան ցանկանում է ԵՄ անդամ լինել, Ուկրաինան Արժանապատվության հեղափոխություն արեց՝ ԵՄ անդամ դառնալու համար։ ԵՄ-ին անդամակցությունն արդեն կա Ուկրաինայի սահմանադրության մեջ: Եվ մենք չենք ուզում եւ չենք փոխելու մեր սահմանադրությունը միայն այն պատճառով, որ Մակրոնը մեր ապագայի այլ տեսլական ունի»։

Ինքը՝ Մակրոնը, խոստովանել է, որ Ուկրաինայի անդամակցության հայտի հետաձգումը կարող է բարոյալքել Կիեւը։ «Վտանգ կա, որ նրանք կհուսահատվեն, կհանձնվեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մինչդեռ Զելենսկու ավագ օգնական Միխայլո Պոդոլյակը քննադատել է Ֆրանսիայի առաջնորդին՝ նրա առաջարկն Ուկրաինայի անդամակցությունը «խորհրդանշական» այլընտրանքով փոխարինելու փորձ անվանելով:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ Ուկրաինայի անդամակցության արգելափակումը կարող է անհանգստացնել պոտենցիալ անդամներին, ովքեր տարիներ շարունակ փորձում են առաջ տանել ԵՄ անդամակցության սեփական ճանապարհային քարտեզները: Շոլցն ասել է, որ Մակրոնի պլանը «շատ հետաքրքիր առաջարկ էր՝ մեր առջեւ ծառացած մեծ խնդիրը  լուծելու համար»՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ուղիներ գտնել», որպեսզի ավելի շատ ոչ ԵՄ երկրներ մոտենան բլոկին:

Վրաստանը եւ Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինայից անմիջապես հետո՝ մարտին, եւ երեք նոր դիմորդներ միացել են բալկանյան երկրներից բաղկացած ցուցակին։

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր եւ լիբերալ եվրոպամետ Holos կուսակցության առաջնորդ Կիրա Ռուդիկը Newsweek-ին ասել է, որ Մակրոնը վտանգում է ավելին վանել, քան Ուկրաինային։

«Ուկրաինայի դուրս մղումը բացասական ազդանշան կլինի մյուս երկրների համար, որոնք ձգտում են մոտ ապագայում ԵՄ անդամ դառնալ։ Դա հիմա խելամիտ քայլ չի թվում,- ասել է Ռուդիկը:- Մեր նպատակը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն է, եւ մենք ձգտելու ենք դրան։ Սակայն չեմ կարծում, որ Մակրոնի առաջարկն աջակցություն կստանա ԵՄ անդամների շրջանում»։

ԵՄ-ն այժմ քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլը։

Բրյուսելը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական վերակառուցմանը՝ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելով, արագորեն հրաժարվելով ռուսական էներգակիրների ներմուծումից, մեծացնելով ռազմական ծախսերը եւ զենք մատակարարելով Ուկրաինային: Բայց ԵՄ-ն, եւ հատկապես՝ այնպիսի երկրները, ինչպիսիք են Գերմանիան եւ Հունգարիան, որոնք սերտ առեւտրային կապեր ունեն Ռուսաստանի հետ, քննադատության են ենթարկվել ավելի արագ արձագանքելու եւ ավելի կոշտ քայլեր ձեռնարկելու համար:

«Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ում Ուկրաինայի ապագա անդամակցության հարցով հաստատուն որոշում չկա»,- Newsweek-ին ասել է Զելենսկու նախկին մամուլի խոսնակ Յուլիա Մենդելը:

«Որոշ երկրներ նոր ձեւաչափեր են փնտրում Ուկրաինայի՝ եվրոպական հասարակության պաշտոնական մաս դարձնելու համար։ Եվրոպական համայնքի նոր ձեւաչափի առաջարկը կարող է նման ջանքերի օրինակ լինել»:

Մենդելն ասել է, որ «այս դժվարին ժամանակաշրջանում նոր ձեւաչափեր ստեղծելու» Մակրոնի առաջարկները աշխարհաքաղաքականությունը բարդացնելուն ուղղված քայլ է համարում: «Մյուս կողմից, եթե այս քայլը համաձայնեցվի Ուկրաինայի եւ եվրոպացի գործընկերների հետ, դա կարող է օգուտ տալ բոլորին»։

Ուկրաինացիները ԵՄ անդամակցությունն ապագա ագրեսիայի դեմ կենսական պատնեշ համարում՝ լինի դա ռազմական, թե տնտեսական: ԵՄ-ն կենսական միջոցներ է խոստանում վերակառուցման համար եւ օգնում է բարեփոխումներ իրականացնել, որոնք կամրապնդեն ազգային տնտեսությունը: ԵՄ-ն նաեւ համատեղ պաշտպանության կետ ունի, թեեւ այն պակաս պարտավորեցնող է, քան 5-րդ հոդվածով նախատեսված ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պարտավորությունը։

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը նաեւ մեր անվտանգության խնդիրն է,- ասել է Մերեժկոն։- Պուտինը դժվար թե համարձակվեր հարձակվել Ուկրաինայի վրա, եթե այն ԵՄ անդամ լիներ, քանի որ նա հասկանում է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամի հետեւում կանգնած է ամբողջ ԵՄ-ի աջակցությունն ու համերաշխությունը»։

Մակրոնի ելույթը Եվրախորհրդարանում վերակենդանացրեց ուկրաինական մտավախությունները, որ Գերմանիան եւ Ֆրանսիան առաջինն են շահագրգռված պատերազմի եւ դրա հետ կապված տնտեսական դժվարությունների դադարեցմամբ, նույնիսկ եթե դա փոխզիջումներ է պահանջում Ուկրաինայից:

Գերմանիան եւ Ֆրանսիան նորմանդական ձեւաչափի մասնակիցներ էին, որի նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն էր։
Ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս գանգատվել են, որ ԵՄ ծանր քաշայինները թույլ են տվել Ռուսաստանին գերակայել, ինչպես նաեւ փորձել են ստիպել Կիեւին զիջումների գնալ, որոնք կսպառնային պետության գոյությանը: «Ինձ մոտ տպավորություն է, որ մենք գործ ունենք ագրեսորին հանգստացնելու հին քաղաքականության նոր, ավելի նուրբ տարբերակի հետ»,- ասել է Մերեժկոն։

«Ֆրանսիան մեզ լրջորեն հիասթափեցրեց: Նախ, ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովին [2008թ.] այն դեմ էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Երկրորդ՝ Ֆրանսիան Բուդապեշտի հուշագրով մեր ինքնիշխանության եւ անվտանգության երաշխավորներից է, բայց, ցավոք, մենք նրանից չենք տեսնում այն ​​օգնությունն ու աջակցությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից։ Այդպիսի հայտարարություններով Մակրոնը խաթարում է Ֆրանսիայի վստահելիությունը»,- շարունակել է Մերեժկոն։

«Ճշմարտությունն այն է, որ այս երկրների որոշ քաղաքական գործիչների համար Ուկրաինան պարզապես խոչընդոտ է Ռուսաստանի հետ սովորական գործերին վերադառնալու նրանց ծրագրերում: Նրանք կնախընտրեին, որպեսզի Ուկրաինան հանձնվի: Մեզ ծանր սպառազինություն տրամադրելու փոխարեն նրանք [Ֆրանսիան եւ Գերմանիան] մեզ Ռուսաստանի հետ Պուտինի պայմաններով խաղաղ համաձայնագրի կնքման են մղում»:

Մակրոնը հավասարակշռում է Մոսկվայի հետ երկխոսության եւ Ուկրաինային աջակցության միջեւ։ Մինչ Ֆրանսիան աջակցում է պատժամիջոցներին եւ զենք է ուղարկում արեւելք, նախագահը նաեւ կապ է պահպանում Պուտինի հետ, թեեւ նրանց հանրայնացված հեռախոսազանգերը, կարծես, որեւէ արդյունք չտվեցին:

Մակրոնը նաեւ չի այցելել Կիեւ ճգնաժամի սրումից ի վեր, ինչը նրան, Շոլցի հետ միասին,  Եվրոպայի այն սակավաթիվ խոշոր առաջնորդներից է դարձրել, ովքեր չեն եղել Ուկրաինայի մայրաքաղաքում: Ապրիլին Մակրոնն ասել էր, որ կգա միայն այն դեպքում, եթե դա օգտակար համարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ