News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ երեկոյան խստորեն դատապարտել է պաղեստինաամերիկացի լրագրող Շիրին Աբու Աքլեյի սպանությունը եւ «անհապաղ, մանրակրկիտ, թափանցիկ, արդար եւ անաչառ հետաքննություն» անցկացնելու կոչ է արել, հաղորդում է AP-ն:

Խորհրդի հայտարարությունը վերահաստատում է, որ «լրագրողները պետք է պաշտպանված լինեն որպես քաղաքացիական անձինք» եւ դատապարտում է գործընկեր Աբու Աքլեյի վիրավորումը։

51-ամյա Աբու Աքլեհը հայտնի էր ամբողջ արաբական աշխարհում, նա վերջին 25 տարվա ընթացքում  Al-Jazeera  արբանյակային ալիքով լուսաբանում էր իսրայելական կառավարման տակ գտնվող պաղեստինցիների կյանքը:

Նրա վրա կրակել են չորեքշաբթի Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքի վրա իսրայելական ռազմական ռեյդի ժամանակ: Լրագրողները, ովքեր նրա հետ էին, այդ թվում՝  Al-Jazeera-ից նրա գործընկերը, ով վիրավորվել էր, ասել են, որ իսրայելական ուժերը կրակ են բացել իրենց վրա՝ չնայած նրան, որ գիտեին իրենց՝ որպես լրագրողների:

Աբու Աքլեյի սպանության կապակցությամբ զայրույթը սրվեց ուրբաթ օրը, երբ իսրայելական ոստիկանությունը հրեց եւ ծեծի ենթարկեց լրագրողի դագաղը տանողներին՝ ստիպելով նրանց գցել այն, ինչը հուղարկավորության արարողության ցնցող սկիզբ դարձավ: Տեղի ունեցածը Երուսաղեմում վերջին սերնդի պաղեստինյան ազգայնականության, թերեւս, ամենամեծ դրսեւորման վերածվեց, նշում է AP-ն:

Իսրայելը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը: Սկզբում իսրայելական կողմը ենթադրություն էր հայտնել, որ լրագրողին կարող էին սպանել պաղեստինցի զինյալները՝ առանց ապացույցներ ներկայացնելու, ապա կոչ էր արել համատեղ հետաքննություն սկսել Պաղեստինի ինքնավարության հետ, որը վերահսկում է Հորդանան գետի արեւմտյան ափի մի մասը եւ համագործակցում է նրա հետ անվտանգության հարցերում։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն Իսրայելին է մեղադրել Աբու Աքլեյի սպանության մեջ եւ հայտարարել, որ անհապաղ դիմելու է Միջազգային քրեական դատարան՝ հետաքննության համար։ ՄՔԴ-ն ավելի քան մեկ տարի առաջ հետաքննություն էր սկսել Իսրայելի հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Իսրայելը մերժել էր այդ հետաքննությունը՝ որպես կողմնակալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ