News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով՝ այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

«Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից Ավետիք Չալաբյանի նկատամամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետեւ նրա արարքն այդ պահին այլեւս հանցագործություն չի համարվի։ Ստացվում է, որ այս կալանավորումն ընդամենը միջոց է Ավետիք Չալաբյանին լռեցնելու համար, որովհետեւ ազատության մեջ Չալաբյանը որեւէ կերպ չէր կարող միջամտել գործի քննությանը»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ պաշտպանական կողմին դեռեւս չի տրամադրվել դատարանի որոշման վերջնական տարբերակը, որով կբողոքարկվի որոշումը։

«Չալաբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով, սակայն որեւէ կերպ չի հիմնավորվում պարոն Չալաբյանին նման հոդված մեղսագրելու հիմքերը։ Նա մեղադրվում է հավաքներին նյութական կերպով մարդկանց շահգրգռելու մեջ։ Այս ամենին փորձում են են մեղադրանքի տեսք տալ։ Այդ ձայնգարման ձեռք բերման հիմքերն ապօրինի են, իսկ վարույթ իրականացնող մարմինն էլ այդ անօրինական ձայնագրությունը դրել է կալանավորման հիմքում»,- ընդգծեց Հարությունյանը։

Արթուր Հարությունյանի խոսքով՝ ձերբակալման արձանագրության մեջ նշված է, որ ականատեսն ուղղակի մատնացույց է անում Չալաբյանին, սակայն առերսման ժամանակ նա հետ է կանգնել իր ցուցմունքից։

«Նա նշել է՝ մինչ այս պահը ես մտածում էի, որ Չալաբյանն է կանգնած այս ամենի հետեւում, բայց ես համոզվեցի, որ այդ մարդն այս ամենի մեջ չկա։ Դրանից հետո վարույթ իրականացնող մարմինը տպավորություն ստեղծեց, թե վկան խաչաձեւ հարցաքննության ժամանակ մատնացույց է արել Ավետիք Չալաբյանին»,- հավելեց պաշտպանը։

Տպել
Ամենաշատ