News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ բեկում» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը նախազգուշացրել է երկրում հիպերինֆլյացիայի լուրջ ռիսկի մասին։

«Թուրքիան քրոնիկ ինֆլյացիայի շրջան է ապրում։ Եթե չմտածված, առանց որեւէ պլանի կամ ծրագրի շարունակեն փող տպել, Թուրքիան կմտնի հիպերինֆլյացիայի փուլ»,- երկուշաբթի օրը քաղաքական գործչի խոսքերն է մեջբերել Sözcü թերթը։

Բաբաջանը, որը 2002-2015 թվականներին գլխավորել է Թուրքիայի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունը, խոստացել է երկրում ինֆլյացիան հասցնել նվազագույնի, եթե 2023 թվականի ընտրություններում ընդդիմությունը իշխանության գա։ «Մենք ինֆլյացիան կհասցնենք նվազագույնի։ Սա նախկինում էլ ենք արել, առաջին վեց ամիսներին էլի ենք անելու»,- ասել է նա։

Ընդդիմադիր քաղաքական գործչին, որը 2019 թվականին հեռացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, անվանում են «թուրքական տնտեսական հրաշքի հայր»։ Նա ազատական ծրագրի հեղինակ է, որի շնորհիվ ավելի քան 10 տարի Թուրքիայի տնտեսությունը տարեկան 6-7 տոկոս աճ է գրանցել, երկրում գրանցվել է օտարերկրյա ներդրումների ռեկորդային ներհոսք, իսկ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը միջինը հասել է 10 000 դոլարի: Բաբաջանը տնտեսության պետական կառավարման քաղաքականության եւ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կառավարության միջամտության հակառակորդներից էր, ինչը հատկապես նկատելի դարձավ 2018 թվականից հետո, երբ Թուրքիայում կառավարման նախագահական ձեւը փոխարինեց խորհրդարանական ձեւին։

Պաշտոնական տվյալներով՝ ապրիլին Թուրքիայում ինֆլյացիան հասել է 69,97 տոկոսի, մեկ ամիս առաջ այն կազմել է 61,14 տոկոս։ Անկախ փորձագետները պնդում են, որ ինֆլյացիայի մակարդակը երկրում հասել է 157,86 տոկոսի եւ զգուշացնում են դրա հետագա աճի հավանականության մասին։ Ինֆլյացիայի ֆոնին ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մայիսի սկզբից կորցրել է իր արժեքի գրեթե 5 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Երկուշաբթի օրը Ստամբուլի բորսայում մեկ դոլարն արժեցել է 15,5 լիրա։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ լիրան կշարունակի արժեզրկվել ինֆլյացիայի աճի եւ այն պատճառով, որ կենտրոնական բանկը չի ցանկանում վերանայել տոկոսադրույքը, որը նախորդ տարվա վերջից 14 տոկոս է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ