News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Wikipedia ազատ հանրագիտարանը կորցնում է իր հեղինակներին։ Նման  խոստովանություն է արել Wikipedia ազատ հանրագիտարանի հիմնադիր Ջիմմի Ուելսը  (Jimmy Wales), հաղորդում է Associated Press-ը։

Wikipedia-ի հիմնադիրը նշել է, որ ներկայումս ազատ հանրագիտարանի հեղինակները հեռանում են, մինչդեռ դեռեւս 2009թ.-ին իրավիճակը բոլորովին այլ էր։

«Դա ճգնաժամ չէ, սակայն ես դա լուրջ խնդիր եմ համարում»-ասել է Ուելսը Իսրայելում Wikimania ամենամյա հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել հանրագիտարանի նախագծի շուրջ 650 հեղինակներ, գրում է Cnews.ru-ն։

Ուելսի խոսքով՝  հանրագիտարանի հեղինակների թվի կրճատումը կապված է նախ եւ առաջ հեղինակների տարիքի հետ, ովքեր մեծանում են եւ հետաքրքիր աշխատանք են գտնում կամ ընտանիք են կազմում, իսկ արդյունքում հեռանում են։ Նշենք, որ ներկայումս հանրագիտարանի հեղինակների միջին տարիքը 26 է, հեղինակները հոդվածներ են պատրաստում հանրագիտարանի համար կամավոր։

Wikipedia-ի հիմնադիրն այն կարծիքին է, որ 10-ամյա գոյության ընթացքում հանրագիտարանը այնքան է մեծացել, որ հեղինակների համար դժվար է դառնում որեւէ նոր հոդվածի ավելացումը։ Բացի այդ, որոշակի դերակատարում ունի նաեւ հեղինակների սուբյեկտիվ կարծիքը եւ այլն։

Այս ամենը չեզոքացնելու համար ըստ Ջ. Ուելսի՝ հանրագիտարանի միջերեսը (ինտերնֆեյսը) էլ ավելի կպարզեցվի, ինչը հանրագիտարանն ավելի գրավիչ կդարձնի նոր հեղինակների համար։ Բացի այդ, որոշ երկրներում կսկսվեն հատուկ ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի տարբեր երկրների բուհերի հետ համագործակցության արդյունքում՝ հանրագիտարանի հոդվածների պատրաստման գործընթացում նոր երիտասարդների ներգրավվել։

Ներկայումս Հայաստանում եւս Wikipedia հանրագիտարանում հայերեն հոդվածների ավելացման եւ նոր երիտասարդների ներգրավվելու ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես Հանրագիտարանի հայերեն տարբերակի ադմինիստրատորներից Ալեքսեյ Չալաբյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ բանակցություններ են տարվում Կրթության եւ գիտության նախարարության հետ, որպեսզի առաջիկայում հայաստանյան դպրոցներում եւ բուհերում սովորողների շրջանում առավել ակտիվ բարձրաձայնվի Wikipedia-ում հայերեն հոդվածների ավելացման կարեւորության մասին։ Այդպիսով, ըստ Ա. Չալաբյանի՝ իրենք կփորձեն նոր հեղինակների ներգրավվել այս գործում։ Չմոռանալով սակայն, որ հանրագիտարանում աշխատանքը պետք է մնա կամավոր։

Ա. Չալաբյանի  խոսքով՝ Հայաստանում Wikipedia-ի հեղինակների թվաքանակի առումով ոչ անկում կա եւ ոչ էլ աճ։

«Ներկայումս  հանրագիտարանը ամսական ունի 10 ակտիվ հեղինակ, իսկ ընդհանրապես հեղինակների թիվը ավելին է»,-ասաց Ա. Չալաբյանը՝ հավելելով, որ դժվար է որոշակի կոնտրետ թիվ նշել, քանի որ շատերը պարբերաբար հանրագիտարանում գրում կամ խմբագրում են որեւէ հայերեն հոդված։

Ըստ նրա՝ վերջին շրջանում հանրագիտարանում ավելանում են հիմնականում սպորտի՝ ֆուտբոլի, շախմատի թեմաներով հոդվածները, որոնք հիմնականում գրում են ավելի երիտասարդ եւ նոր հեղինակները։ Հանրագիտարանի հեղինակ-կամավորները գրում են 2- 3 տարի, իսկ ավելի երկար գրողների թիվը շատ քիչ է։

Նշենք, որ Wikipedia ազատ հանրագիտարանում ստեղծվել է 2001թ.-ին, այն ոչ կոմերցիոն նախագիծ է։ Ներկայումս հանրագիտարանում ներառված են 9,25 մլն. հոդված մոտ 250 լեզուներով։ Հանրագիտարանում հայերեն հովածներ ստեղծվում են արդեն 6 տարի։ Ներկայումս դրանց թիվը ավելի քան 14 հազ. է։

Տեղեկացնենք, որ Google-ի տվյալներով՝ Wikipedia.org-ը հանդիսանում է աշխարհում հաճախելիության առումով թվով 5-րդ կայքը՝ Facebook.com, YouTube.com, Yahoo.com եւ Live.com-ից հետո։

 

Լուսինե Մովսիսյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ