
Շվեդիայի կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել։
«Կառավարության գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Շվեդիայի անվտանգությունը պաշտպանելու լավագույն միջոցն է՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից հետո սկզբունքորեն փոխված անվտանգության միջավայրը»,- ասվում է Շվեդիայի կառավարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշումը հիմնված է «անվտանգության վերլուծության» վրա, որին կառավարության հրավերով մասնակցել են «Ռիկսդագի (Խորհրդարանի) մյուս կուսակցությունները»։ Արդյունքները ներկայացվել են մայիսի 13-ի զեկույցում:
Երկուշաբթի ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ Շվեդիան հարեւան Ֆինլանդիայի հետ միասին պետք է միանա ՆԱՏՕ-ին՝ «շվեդ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։
Հարցին, թե կոնկրետ երբ երկիրը հայտ կներկայացնի, նա պատասխանել էր, որ դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ՝ երկուշաբթի, երեքշաբթի կամ չորեքշաբթի: Նա հավելել էր, որ դա պետք է արվի Ֆինլանդիայի հետ համաձայնությամբ։