News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նորընտիր խորհրդարանը չեմ կարծում, որ միանգամից կկարողանա որեւէ օրակարգ լուծել։ Խնդիրները քաղաքական, տնտեսական, սոցիալական են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքները դեռ պարզ չեն։ 

«Երկրում փոփոխություններն էապես կախված են տարածաշրջանի գլխավոր  խաղացողների համաձայնություններից»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե սկսեն Թեհրանն ու Վաշինգտոնը ավելի արդյունավետ բանակցություններ վարեն, կամ մեղմվեն Սաուդյան Արաբիա–Իրան լարված հարաբերությունները, ապա խնդիրները աստիճանաբար կհանգուցալուծվեն։

«Շատ կարեւոր է նաեւ ծովային սահմանազատումն Իսրայելի հետ եւ էներգիան շահարկող ընկերությունների եւ նրանց հովանավորող երկրների միջեւ համաձայնությունը, եւ իհարկե Լիբանանում ապրող պաղեստինցի ազգաբնակչության վերջնական բնակեցումը, ինչն անուղղակիորեն արգելակում է նրանց Պաղեստին վերադարձը,– ասաց նա՝

Խոսելով քվեարկության մասին՝ Շահան Գանտահարյանն ասաց, որ արդեն կան անվավեր համարված թերթիկներ, խախտումներ, բողոքներ են գրանցվել։ «Գործող ընտրական օրենքը համամասնականի, ռեյտինգայինի եւ համայնքայինի համախառն օրենք է։ Կանխատեսումներ անել կամ նախնական արդյունքների մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ։ Գուցե մինչեւ ուշ գիշեր շարունակվի քվեարկության ամփոփումը»,– ասաց նա՝ ընդգծելով, սակայն, որ այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում փոփոխությունները ակնառու կլինեն։

«Քրիստոնյա պատգամավորների մեծամասնության դիմագիծը փոխվել է, ընդդիմությունը, լիբանանյան ուժերը հիմա կազմում են ամենամեծ քրիստոնյա խմբակցությունը։ Եթե նախագահի կուսակցությունը, որը նախկինում քրիստոնյա ամենամեծ խմբակցություններն էր եւ շիաների հետ մեծամասնություն էր կազմում, հիմա իրավիճակը փոխվում է։ Շատ բան կախված է սուննի պատգամավորների դիրքորոշումներից։ Որոշ փոփոխություններ կլինեն խորհրդարանում, բայց սպասենք ավարտին՝ հստակ տվյալների համար»,– ասաց Շահան Գանտահարյանը։

Նա պարզաբանեց, որ վարչապետը պետք է լինի սուննի համայնքից, նախագահը՝ քրիստոնյա, իսկ խորհրդարանի նախագահը՝  շիա համայնքից։ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը չնշեց, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն՝ ընդգծելով, որ դա կախված է նախագահի հետ քննարկումներից։

«Նախ պետք է լինի խորհրդարանի նախագահի ընտրությունը, որտեղ կարող են տարբեր տեսակետներ հնչել, գուցե այս անգամ համաձայնության գալը հեշտ չլինի։ Դրանից հետո խորհրդակցություններ պետք է լինեն նախագահի մոտ, նոր վարչապետի անվան շուրջ համաձայնության գան։ Ընտրությունների պատկերը, որ պարզ լինի, կարող ենք ավելի կոնկրետ ընդգծումներ անել։

Սուննի համայնքի վրա ամենամեծ ազդեցությունը ունի Սաուդիան Արաբիան, այդ թվում՝ տարբեր խմբակցությունների պատգամավորների վրա։ Ի դեպ, նախկին վարչապետը չմասնակցեց ընտրություններին եւ կոչ արեց իր գլխավորած կուսակցությանը, որը նաեւ սուննի համայնքի ամենաառանցքային դերակատարություն ունեցող ուժն է, չմասնակցել ընտրություններին, բայց ամբողջ Լիբանանի տարածքում սուննիները մասնակցել են ընտրություններին, տարբեր խմբակցություններում ներկայացված կլինեն, բայց կրկնում եմ՝ սուննիների վրա հիմնական ազդեցիկ երկիրը շարունակում է լինել Սաուդյան Արաբիան»,– նշեց նա։

Շահան Գանտահարյանի խոսքով՝ պաշտոնական տվյալ չկա, թե վերջին տարիներին քանի հայ է Լիբանանից հայրենադարձվել։ «Բնական է, որ յուրաքանչյուր ճգնաժամ արտահոսքի տեղիք է տալիս։ Բայց հիմնական տեղափոխումը միջոցներ է ենթադրում, իսկ մարդիկ այսօր չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից, բանկային համակարգը սառեցվել է։ Արտահոսքը զանգվածային չէ, բայց արտահոսքի միտում կա, այդ ուղղություններից մեկը նաեւ  Հայաստանն է»,– հավելեց Շահան Գանտահարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ