News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դատարանում վիճարկելու է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը քանդելու որոշումը, որը փակվել է թուրքական մեգապոլիսում նոր օդային հանգույցի բացմամբ։ Նա լրագրողներին հայտնել է նաեւ, որ օդանավակայանում թռիչքուղիների ապամոնտաժման սարքավորումները հայտնվել են համապատասխան պայմանագրի ստորագրումից մի քանի օր առաջ։

«Աթաթուրքի օդանավակայանում աշխատանքների անցկացման պայմանագիրը կապալառու ընկերության հետ թվագրված է մայիսի 16-ով, սակայն սարքավորումները թռիչքուղում հայտնվել են այդ օրվանից մի քանի օր առաջ։ Ես դատի կտամ ընկերությանը եւ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են [քանդման որոշման համար]»,- Ստամբուլի քաղաքապետի խոսքերը մեջբերել է Karar թերթը։ Իմամօղլուի խոսքով՝ օդանավակայանում համապատասխան աշխատանքներն առայժմ դադարեցվել են։

Ստամբուլի քաղաքապետն ավելի վաղ բազմիցս արտահայտվել էր Թուրքիայի ամենահին օդանավակայանի քանդման դեմ եւ հայտարարել էր, որ մտադիր է այն վերաբացել, եթե ընդդիմությունը հաղթի 2023 թվականի համընդհանուր ընտրություններում: Ընդ որում, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մտադիր են հին օդանավակայանի տեղում «Ազգային պարկ» ստեղծել եւ թողնել դրա երեք թռիչքուղիներից մեկը՝ արտակարգ իրավիճակների, հատուկ թռիչքների եւ միջազգային միջոցառումների ժամանակ հնարավոր օգտագործման համար։

Ընդդիմությունը պնդում է, որ նախկին օդանավակայանի տարածքում հողատարածքը նախատեսվում է վաճառել օտարերկրացիներին, մասնավորապես՝ Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Սաուդյան Արաբիայից։ Թուրքիայի էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումն այդ պնդումները հորինվածք է անվանել՝ ավելի վաղ լրագրողներին ասելով, որ ոչ ոք մտադիր չէ վաճառել հողատարածքը եւ նախկին օդանավակայանի տարածքում ընդհանրապես ոչ մի շինություն նախատեսված չէ:

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, որը բացվել է ավելի քան 100 տարի առաջ, Եվրոպայի երեք ամենածանրաբեռնված օդային դարպասների թվում էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ