News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ինֆլյացիայի դինամիկան «երբեւէ իմ տեսածներից վատագույնն է»,- ասել է տնտեսագետ Ջեւդեթ Աքչայը, որն արդեն 30 տարի ուսումնասիրում է երկրում գների դինամիկան:

«Մենք ինֆլյացիայի ավելի բարձր մակարդակ ենք տեսել, բայց դինամիկայի առումով նման վատ մակարդակ չենք տեսել»,- ասել է Աքչայը Dünya-ին տված հարցազրույցում։

Անցյալ ամիս Թուրքիայում սպառողական գների ինֆլյացիան հասել է 70 տոկոսի, ինչն ամենաբարձր մակարդակն է երկու տասնամյակ առաջ ֆինանսական ճգնաժամից հետո: Արտադրողների գների ինֆլյացիան արագացել է մինչեւ 122 տոկոս։ Թուրքիայում ինֆլյացիան ամենաբարձրն է զարգացող շուկաների եւ արդյունաբերական զարգացած երկրների մեջ։

Աքչայն ասել է, որ իրեն անհանգստացնում է ոչ այնքան այն, թե որքան բարձր կլինի ինֆլյացիան, այլ այն, թե ինչով այն կավարտվի, երբ ի վերջո դանդաղի: Նրա խոսքով՝ աղետ կլինի, եթե Թուրքիայում ինֆլյացիան նվազի եւ հետո մնա 30-ականների մակարդակում։

Աքչայի խոսքով՝ երկրում դիտարկվում է, այսպես կոչված, «հարաբերական գնային քաոս», երբ համեմատում ես այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք են հեռուստացույցները կամ ավտոմեքենաները: «Այս բոլոր հարաբերական գները շատ անկայուն են։ Ինֆլյացիան նվազեցնելու համար այս հարաբերական գնային քաոսը նախ պետք է մարի»,- ասել է նա:

Ըստ Աքչայի՝ երկրի համար նորմալ չէ, երբ մարդիկ որպես ներդրում գնում են օգտագործված մեքենաներ, այլ ոչ թե կանխիկ գումար են դնում բանկային ավանդներում։

Կառավարությունը հայտարարել է, որ կբարձրացնի գնողունակությունը, որպեսզի օգնի մարդկանց հաղթահարել ինֆլյացիան, բայց կա վտանգ, որ գնողունակությունն ամբողջությամբ կոչնչանա, ասել է նա:

Կենտրոնական բանկին, որն անցյալ տարվա վերջին նվազեցրել է տոկոսադրույքները, կարծես թե չի անհանգստացնում ինֆլյացիան: Բայց մարդկանց վստահություն է պետք, որ թանկացումները կդանդաղեն, ասել է նա:

Կենտրոնական բանկն ու կառավարությունը ակնկալում են, որ մայիսից հետո ինֆլյացիան կսկսի դանդաղել, իսկ տարեվերջին անկումն ավելի նկատելի կդառնա։ Նրանք գների բարձր աճի մեղքը հիմնականում դնում են համաշխարհային գործոնների վրա, ինչպիսիք են էներգակիրների գները եւ մատակարարման խափանումները, ինչպես նաեւ գների մանիպուլյատորների վրա, որոնք, նրանց կարծիքով, կպատժվեն: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է տոկոսադրույքների բարձրացումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ