
Չինաստանը եւ ԱՄՆ-ն համաշխարհային պարտքն ավելացրել են մինչեւ ռեկորդային 305 տրիլիոն դոլար, մինչդեռ ընդհանուր պարտք-արտադրության հարաբերակցությունը նվազել է, վկայում են Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալները:
Չինաստանի պարտքն առաջին եռամսյակում ավելացել է 2.5 տրիլիոն դոլարով, իսկ ԱՄՆ-ն ավելացրել է 1.5 տրիլիոն դոլար, մինչդեռ եվրոգոտու ընդհանուր պարտքը նվազել է երրորդ եռամսյակն անընդմեջ:
Վերլուծությունը ցույց է տվել, որ շատ երկրներ՝ ե՛ւ զարգացող, ե՛ւ զարգացած, մտնում են դրամավարկային խստացման շրջան, որը գլխավորում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ դոլարային պարտքի բարձր մակարդակով:
«Քանի որ կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել քաղաքականությունը՝ գնաճային ճնշումները զսպելու համար, փոխառության ավելի բարձր ծախսերը կխորացնեն պարտքի խոցելիությունը», - ասվում է IIF զեկույցում:
«Ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել զարգացող շուկայի փոխառուների համար, ովքեր ավելի քիչ դիվերսիֆիկացված ներդրողների բազա ունեն»:
Բանկերից դուրս կորպորատիվ պարտքը եւ պետական փոխառությունները փոխառության ավելացման ամենամեծ աղբյուրներն էին, որոնց ֆինանսական հատվածից դուրս պարտքը գերազանցել է 236 տրիլիոնը, մոտ 40 տրիլիոնով ավելի, քան երկու տարի առաջ էր, երբ վրա հասավ COVID-19-ի համավարակը:
Պետական պարտքը նույն ժամանակահատվածում ավելի դանդաղ է աճել, սակայն փոխառության ծախսերի աճի հետ մեկտեղ սուվերեն բալանսները ճնշման տակ են մնում:
«Քանի որ հանրային ֆինանսավորման կարիքները շարունակում են նախահամավարակային մակարդակից բարձր մնալ, ապրանքների ավելի բարձր եւ անկայուն գները կարող են ստիպել որոշ երկրների ավելի մեծացնել պետական ծախսերը՝ սոցիալական խռովությունը դժգոհությունների կանխման համար,- ասվում է IIF-ի հայտարարության մեջ:- Դա կարող է հատկապես դժվար լինել զարգացող շուկաների համար, որոնք ավելի քիչ ֆիսկալ տարածություն ունեն»:
Համաշխարհային պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն ընկել է մինչեւ 348 տոկոս՝ մոտ 15 տոկոսային կետով ցածր մեկ տարի առաջ գրանցված ռեկորդից, ընդ որում, Եվրամիության երկրներում զգալի բարելավում է նկատվում: IIF-ի տվյալներով՝ այս ցուցանիշով ամենամեծ աճը գրանցվել է Վիետնամում, Թաիլանդում եւ Կորեայում։
«Սպասվում է, որ այս տարի աճը զգալիորեն կդանդաղի, ինչը բացասական ազդեցություն կունենա պարտքի դինամիկայի վրա,- ասվում է IIF-ի զեկույցում:- Չինաստանում խիստ սահմանափակումների եւ համաշխարհային ֆինանսավորման պայմանների խստացման ֆոնին սպասվող դանդաղումը, հավանաբար, կսահմանափակի կամ նույնիսկ կշրջի պարտքի գործակիցների նվազման միտումը»: