News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետեւից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետեւից, ոչ թե բռնապետություն հաստատելու եւ ժողովրդավարությունը բռնաբարելու հետեւից։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն հայտարարությանը, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդը ընտրել է 2018 թվականին եւ վերահաստատել 2021 թվականի ընտրություններին։

«Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում ձեր՝ այսօրվա հայտարարության առնչությամբ։ Ինչը վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու եւ առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։ Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է նրանց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, խորապես սխալվում են, հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար։ Սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է եւ որեւէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ։ Վերահաստատում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ նահանգները եւ Եվրոմիության երկրները՝ մեր կարեւոր գործընկերները։ Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից եւ եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում եւ Բրյուսելում՝ Մոսկվայից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Դիմելով Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սաղաթելյանն ասաց. «Վերջ տվեք երկակի ստանդարտներին։ Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունները շրջափակում էր դատարանները։ Դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում։ Դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի եւ անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում լինի բռնապետություն»։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ «Դիմադրություն» շարժման անունից իրենք նամակ են ուղարկել Լիտվայի նախագահին, որը վաղը պատրաստվում է ժամանել Հայաստան. «Փոխանցել ենք, որ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը եւ նա այլեւս լեգիտիմ չէ։ Փոխանցել ենք, որ Նիկոլն ամեն ինչ անելու է այդ հանդիպումները ծառայեցնել իր լեգիտիմությունը ցույց տալու համար։ Մենք նաեւ ցանկություն ենք հայտնել Լիտվայի նախագահի հետ հանդիպելու, իրական պատկերը ներկայացնելու եւ ցույց տալու, որ Նիկոլը չունի մանդատ մեր ժողովրդի կողմից»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ