News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Պետք է վերանայել անօրիանական ծագման գույքի բռնագանձման վարույթ հարուցելու հիմքերը, ինչպես նաեւ այդ գույքի հետագա բռնագանձման հնարավորության ուսումնասիրման, դիտարկման ժամկետները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Անօրինական ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 19-ին ասաց հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Անօրինական ծագման գույքի բռնագանձման գործընթացը, նրա խոսքով, զգալի չափով վերաբերում է այն գույքին, որի ձեռքբերումը որեւէ ֆինանսական հիմնավորում չունի։ Այսինքն՝ խոսքն այն դեպքերի մասին է, երբ ձեռք բերված գույքը արժեքով էապես գերազանցում է կոնկրետ պաշտոնատար անձի մշտական կայուն եկամտի չափը։

«Հայաստանի իշխանությունները մտադիր են ընդլայնել այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց կարող են ստուգել անօրինական ձեռք բերված գույքի առնչությամբ։ Առաջարկվող փոփոխությունները միանշանակ կնպաստեն այս կարեւոր ինստիտուտի կիրառման արդյունավետությանը, որը ներդրվել է վերջերս»,- ընդգծել է Գալյանը։

Մասնավորապես, ինչպես նշել է գլխավոր դատախազի տեղակալը, առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը։ Բացի հանրային ծառայողներից՝ ցուցակում կներառվեն նաեւ այն մարդիկ, որոնք հանրային ծառայության մասին օրենքով պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։

Առաջարկվում է նաեւ քննչական մարմնին օժտել լրացուցիչ լիազորություններով։ Օրինակ, աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ կկարողանան վարույթ սկսել այն անձանց խմբի հանդեպ, որոնք օրենքի համապատասխան՝ պարտավոր են ներկայացնել վերոնշյալ հայտարարագիրը։

Պաշտոնյան նշել է, որ լրացուցիչ լիազորությունները կարող են նոր ռեսուրսներ եւ ժամանակ պահանջել։ Ուստի, դիտարկման ժամկետն առաջարկվում է ավելացնել 2-ից 3 տարի։

Բացի այդ, առաջարկվում է քննչական մարմնին հնարավորություն տալ՝ բռնագանձման ենթակա գույքի շուկայական գնի փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքը։ Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ շուկայական գինը պարզապես անհնար է որոշել։ «Այս սկզբունքը կաշխատի նաեւ այն դեպքերում, երբ գույքը ձեռք է բերվել արտասահմանում։ Ընդ որում՝ քաղաքացիները կարող են իրենք ներկայացնել շուկայական արժեքի գնահատականը»,- պարզաբանել է իշխանության ներկայացուցիչը։

Ավելին, նա հաստատել է, որ ընդդիմադիր պատգամավորների շրջանում կան մարդիկ, որոնց հանդեպ սկսվել է համապատասխան վարույթ։ Նրան հարց է ուղղել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ներկայում «Անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում կատարվում է ստուգում 300 գործի վերաբերյալ։ «20 անձանց գույքի վրա կալանք է դրված։ Եվս 9 գործ ուղարկվել է դատարան, դրանցից 8-ն ընդունվել է վարույթ։ Նշված 9 հայտերով բռնագանձման գումարը կկազմի մոտ 43 միլիարդ դրամ։ Եվ սա՝ առանց որպես իրավաբանական անձ քաղաքացիների մասնակցության։ Սրա հաշվառմամբ՝ գումարը կարող է հասնել 60 միլիարդ դրամի։

Հիշեցնենք, որ  խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտել են արտահերթ նիստն ու ընդհանրապես Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը։ Իսկ իշխանությունները գրեթե չեն էլ թաքցնում, որ օրինագիծն իրենց պատասխանն է ընդդիմության զանգվածային ցույցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ