News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, հետաձգեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Հաջորդ դատական նիստին բողոքը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պատրաստվում են բացարկ հայտնել դատավորին։

«Բոլոր հնարավոր գործողությունները կատարվում են, որպեսզի պարզվի՝ դատավորներին հատո՞ւկ  է մակագրվում է քրեական գործերը, որպեսզի այս դատավորները լսեն, թե՞ ինչպես օրենքն է սահմանում՝ պատահականության սկզբունքով։  Այս բոլորը պետք է փաստարկված ներկայացվի, որովհետեւ դատական համակարգը միայն սա չի, ունենք Եվրոպական դատարանի կառույցներ, որտեղ այս բոլոր խախտումներն արձանագրված լինեն»,- նշեց Մարտիրոսյանը։

Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ իրենք այս դատարանի նկատմամբ վստահություն չունեն. «Միջնորդության նպատակը նաեւ նա է՝ եթե բավարարվեց միջնորդությունը, հեռանում է, նոր դատավոր է գալիս, եւ այդ նոր դատավորը պետք է հասկանա, որ այսքան մարդ պիտի բավարար վստահություն ունենա այդ դատաքննության օբյեկտիվության վրա»։

Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Այս գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով։ Այդ հանգամանքը զոհվածների ծնողներին բարկացրել էր, եւ նրանք մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, պահանջելով՝ օբյեկտիվ քննել իրենց բողոքը եւ պատշաճ ընթացակարգ տալ։

Տպել
Ամենաշատ