News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ներկայիս նավթային ճգնաժամը նման չէ նախորդներին, եւ սպառողները ստիպված են լինելու կրել դրա հիմնական բեռը աճող գնաճի հետ միասին, CNBC-ին ասել է  Համաշխարհային էներգետիկ խորհրդի գլխավոր տնօրեն Անջելա Ուիլքինսոնը։

«Ես կարծում եմ, որ սա առաջին գլոբալ էներգետիկ ցնցումն է, այն նման չէ 1970-ականների ճգնաժամին»,- ասել է Ուիլքինսոնը։

Նավթի գների աճը տեղի ունեցավ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո՝ լուրջ խափանումներ առաջացնելով էներգետիկ հատվածի մատակարարումների գլոբալ շղթայում, քանի որ արեւմտյան երկրները պատժամիջոցներ մտցրին Ռուսաստանի դեմ։

Եվրամիությունը առաջարկեց աստիճանաբար արգելել ռուսական նավթը, ինչը կուժեղացնի ճնշումը էներգակիրների գների վրա։

Ուրբաթ օրվա առավոտվա դրությամբ Ասիայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը տարեսկզբից ավելացել է ավելի քան 42 տոկոսով։ Վերջին անգամ այն վաճառվել է մեկ բարելը մոտ 111 դոլարով, ինչը շատ ավելի բարձր է տարեսկզբի 80 դոլարի համեմատ։

1970-ական թթ. աշխարհը մի շարք նավթային ցնցումների ենթարկվեց Մերձավոր Արեւելքի հակամարտության հետեւանքով։

1973թ. մերձավորարեւելյան նավթ արտադրողները դադարեցրին ԱՄՆ-ից եւ արեւմտյան այլ երկրներից նավթի մատակարարումները արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելին նրանց օգնությունից հետո։ Իրանի 1978-1979թթ. հեղափոխությունը, որը հանգեցրեց շահի տապալմանը, նույնպես էներգետիկ ցնցում առաջացրեց։

«Եթե նայեք նավթամթերքների գներին աշխարհի շատ մասերում, կտեսնեք, որ դրանք այժմ անհասանելի են հասարակության ցածր խավի շատ ներկայացուցիներին»,- նախազգուշացրել է Ուիլքինսոնը։ «Մենք պետք է այս ճգնաժամից բխող՝ փողերի զանգվածային վերաբաշխում անենք։ Սպառողներն իսկապես տառապում են»։

Այս շաբաթվա պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ գնաճը Մեծ Բրիտանիայում ապրիլին հասել է 40-ամյա առավելագույնին՝ մասամաբ էներգակիրների գնի սրընթաց աճի պատճառով։ Նման գնաճ նկատվել է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ սպառողական գնաճը ապրիլին մոտ էր 40-ամյա առավելագույնին։

«Ընդամենը կես տարի առաջ մենք խոսում էինք միայն կլիմայական անվտանգության մասին։ Մեկ տարի առաջ խոսում էինք քովիդի ճգնաժամի եւ վերականգնման մասին»,- ասել է Ուիլքինսոնը։ «Հիմա ունենք էներգետիկ ճգնաժամերի հերթագայություն՝ քովիդ, կլիմա, հակամարտություններ։ Եվ հիմա մենք ունենք կյանքի արժեքի ճգնաժամ շատ երկրներում»։

«Ամենամեծ խնդիրը լինելու է հասանելիության եւ էներգետիկ արդարության այս նոր համատեքստը»,- ավելացրել է նա։ «Սա մեծ անորոշություն է եւ պահանջում է քաղաքական նորարարություններ, բայց կպահանջի նաեւ նոր մոտեցում միջազգային համագործակցությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ