News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Սեւ խոռոչները համարձակորեն կարելի է տիեզերքի ամենաառեղծվածային օբյեկտներից մեկը անվանել: Դրանց մասին հավանաբար բոլորն են լսել, բայց, բացի ֆիզիկոսներից, աստղաֆիզիկոսներից եւ այլ մասնագետներից, քչերն են հասկանում, թե ինչ են դրանք իրականում:

Հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչ են իրենցից ներկայացնում սեւ խոռոչները, ինչպես են դրանք «ծնվում», եւ քանիսն են դրանք մեր գալակտիկայում։

1999 թվականին Գարիկ Իսրայելյանը ղեկավարել է գիտական աշխատանք, որի շրջանակում մի խումբ գիտնականներ ներկայացրել են առաջին դիտարկումներն ու ապացույցները, որ սեւ խոռոչների առաջացումը պայմանավորված է գերնոր աստղերի պայթյուններով: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում եւ հետագայում հանգեցրել է բազմաթիվ գիտական բացահայտումների:

Ամեն ինչ կլանողները

Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ սեւ խոռոչն այն օբյեկտն է, որն այնքան ուժեղ ձգողականություն ունի, որ իր շուրջն ամեն ինչ կլանում է։ Ոչինչ չի կարող լքել այս օբյեկտը՝ այն կլանում է բացարձակապես ամեն ինչ, նույնիսկ՝ լույսը:

«Նայեք ձեռքիս։ Լույսը արտացոլվում է իմ ձեռքից, եւ դրա շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել այն: Ձեռքն ունի նաեւ ինֆրակարմիր ճառագայթում, որը տեսանելի չէ մեր աչքի համար, բայց մենք կարող ենք զգալ ձեռքից եկող ջերմությունը։ Սեւ խոռոչը չունի ինֆրակարմիր ճառագայթում, եւ ջերմություն նույնպես չի արձակում։ Այն նույնիսկ լույսը չի կարող արտացոլել, ուստի մենք չենք կարող այն տեսնել այնպես, ինչպես տեսնում ենք մյուս օբյեկտները», - պատմում է գիտնականը։

Իրականում սեւ խոռոչը բոլորովին էլ խոռոչ չէ բառիս բուն իմաստով: Ամենայն հավանականությամբ, այն ունի գնդի ձեւ, բայց այն բաղկացած է ոչ թե ատոմներից, այլ նեյտրոններից։

Սեւ խոռոչներն ունեն հսկայական խտություն, իսկ դրանց բնորոշ չափերը, ինչպես ենթադրվում է, համապատասխանում են Շվարցշիլդի շառավղին: Ընդ որում, սեւ խոռոչը կարող է «ներքաշել» իրենից շատ անգամ մեծ աստղեր, եւ նրա չափերը գործնականում չեն փոխվի։

Անտեսանելիները

Եթե մենք չենք կարող տեսնել սեւ խոռոչները, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ դրանք ընդհանրապես գոյություն ունեն:

Ինչպես բացատրեց Գարիկ Իսրայելյանը, թեեւ սեւ խոռոչները մեզ համար տեսանելի չեն, բայց մենք կարող ենք տեսնել դրանց գոյության, այսպես կոչված, «կողմնակի ազդեցությունները»: Եթե սեւ խոռոչի կողքին կա «նորմալ» աստղ, ապա վերջինս սկսում է շատ արագ պտտվել սեւ խոռոչի շուրջը։ Աստիճանաբար սեւ խոռոչը «ներքաշում», կլանում է աստղը։ Տիեզերական չափանիշներով դա տեղի է ունենում բավական արագ՝ մոտ 500 000 տարվա ընթացքում:

Անսահմանները

Տիեզերքի օբյեկտների մեծ մասը «կյանքի» սահմանափակ տեւողություն ունի, սակայն սեւ խոռոչները, հնարավոր է, կարող են անվերջ գոյություն ունենալ: Ինչպես պարզաբանեց մասնագետը, համարվում է, որ սեւ խոռոչը չի կորցնում էներգիան, եւ դա, թերեւս, ապահովում է նրա հավերժ գոյությունը։

Ճիշտ է, դեռեւս անցյալ դարում Սթիվեն Հոքինգի առաջարկած տեսության համաձայն՝ սեւ խոռոչներն, այնուամենայնիվ, ճառագայթում ունեն։ Հոքինգի ճառագայթումը սեւ խոռոչի կողմից տարատեսակ տարրական մասնիկների, հիմնականում ֆոտոնների, ճառագայթման հիպոթետիկ գործընթաց է: Բանն այն է, որ սեւ խոռոչը կարող է համարվել այնպիսի օբյեկտ, որը ոչինչ չի արձակում, այլ միայն կլանում է մատերիան՝ միայն այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չեն առնվում քվանտային էֆեկտները։ Քվանտային մեխանիկան լիովին ընդունում է, որ սեւ խոռոչը կարող է ունենալ ճառագայթում եւ էներգիա ու զանգված կորցնել:

Եթե դա իսկապես այդպես է, կնշանակի, որ սեւ խոռոչներն ամենեւին էլ անսահման չեն եւ կարող են անհետանալ տասնյակ տրիլիոն տարիներ անց: Սակայն գիտնականներին դեռեւս չի հաջողվել գրանցել Հոքինգի ճառագայթումը. եթե այն նույնիսկ գոյություն ունի, ներկայիս տեխնոլոգիաներով անհնար է այն տեսնել ու գրանցել:

Միլիոնավորները

Մեր գալակտիկայում գիտնականները մոտ 30 սեւ խոռոչ են հայտնաբերել, բայց իրականում, ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, դրանք մի քանի հարյուր միլիոն են։ Պարզապես դրանց կողքին աստղեր չկան, եւ, ինչպես նշվեց վերեւում, դրանք մեզ համար տեսանելի ճառագայթում չունեն, ուստի մենք չենք տեսնում այդ խոռոչները, բայց կռահում ենք, որ դրանք գոյություն ունեն:

Ինչպես նշեց մասնագետը, աստղերի էվոլյուցիայի տեսությունն ասում է, որ հսկա աստղերն իրենց էվոլյուցիայի վերջում դառնում են կա՛մ նեյտրոնային աստղեր, կա՛մ սեւ խոռոչներ։ Նեյտրոնային աստղը տիեզերական մարմին է, որի միջուկը հիմնականում բաղկացած է նեյտրոններից եւ պատված է ծանր ատոմային միջուկների ու էլեկտրոնների մոտ 1 կիլոմետրանոց շերտով։ Նեյտրոնային աստղերն ունեն հսկայական զանգված, որը համեմատելի է Արեգակի զանգվածի հետ, եւ հսկայական խտություն, բայց դրանց շառավիղը կազմում է ընդամենը 10-20 կմ:

Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ այս գործընթացն անվերջ է՝ վաղ թե ուշ տաք աստղերը հասնում են իրենց էվոլյուցիայի «գագաթնակետին» ու պայթում են, ծնվում են նոր սեւ խոռոչներ ու նեյտրոնային աստղեր։

«Երբ մենք տեսնում ենք, թե քանի աստղ է ծնվում եւ քանիսն է մեռնում, մենք կարող ենք հաշվարկել, որ մեր գալակտիկայում հավանաբար մոտ 100 միլիոն սեւ խոռոչ կա», - բացատրեց գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենամեծ գիսաստղը Երկրին կմոտենա հուլիսի 14-ին
Երկնային մարմինը աստղադիտակների միջոցով կարելի է տեսնել 2022 թվականի հուլիսի 14-ին․․․
Չինական տիեզերանավը ստացել է ամբողջ Մարսն ընդգրկող պատկերների տվյալները
Տիեզերքից արված նկարների թվում են Մարսի հարավային բեւեռի առաջին չինական լուսանկարները, որտեղ գտնվում են մոլորակի գրեթե բոլոր ջրային պաշարները...
ՆԱՍԱ-ն մտադիր է փորձարկել Լուսնի շուրջ նոր ուղեծիրը
Եթե առաքելության մնացած մասը հաջող անցնի, Capstone CubeSat արբանյակը կդառնա առաջինը, որը կարող է անցնել Լուսնի շուրջ նոր ուղով եւ կենսական կարեւորության ինֆորմացիա ուղարկել առնվազն 6 ամիսների ընթացքում...
Գիտնականները կյանքի համար ավելի հարմար մոլորակներ են հայտնաբերել, որոնք նման չեն Երկրին
Հետազոտողները հինգ հազար այդպիսի մոլորակների զարգացման մոդել են ստեղծել եւ պարզել են, որ որոշակի պայմաններում մոլորակները կարող են ութ միլիարդ տարի բնակելի պայմաններ պահպանել մակերեսի վրա՝ նույնիսկ առանց աստղային ճառագայթման...
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի ներկայացուցիչների հետ
Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների...
Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
Կիրակի օրը, 16 ամսվա ընթացքում երկրորդ անգամ տիեզերք է ուղարկվել իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը եւ հավելում, որ, Իրանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, այն հետազոտական նպատակ է ունեցել:
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ