News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երեւանում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումի» մասնակիցներին բացատրել է, թե ինչ են ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը։ Նշենք, որ չնայած շքեղ անվանմանը, հայկական մամուլին թույլ չտվեցին ներկա գտնվել ֆորումին։

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ հիմնարար ազատությունները փոխկապակցված են եւ ամրապնդում են միմյանց: Նրանք ինչ-որ տեղից չեն հայտնվում, միանգամից ժողովրդավարություն չի լինում, դա ամենօրյա աշխատանքի արդյունք է, անընդհատ գործընթաց, եւ մենք բոլորս պետք է մասնակցենք դրան։ Ժողովրդավարությունը միջավայր է, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնը ունենալ որոշումներ կայացնելիս եւ հաշվետվություն պահանջել որոշումներ կայացնողներից: Ժողովրդավարություն նշանակում է մասնակցել իշխանությանը եւ այն իրականացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան։ Ունենալ իշխանությունների ճյուղերի տարանջատում եւ անկախ դատական համակարգ, քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների, հասարակության եւ անկախ լրատվամիջոցների բազմակարծություն, եւ, ի վերջո, ուժեղ, թափանցիկ եւ հաշվետու պետական ինստիտուտներ: Դա միանգամից տեղի չի ունենում, այլ պահանջում է երկարաժամկետ ջանքեր»,- ասել է դեսպանը։

Վիկտորինի խոսքով՝ այժմ ամբողջ աշխարհում կան շոշափելի մարտահրավերներ, որոնք անդրադառնում են ամբողջ աշխարհում ժողովրդավարության վրա, եւ Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են՝ Covid-ը, 44-օրյա պատերազմը եւ հետպատերազմյան իրավիճակը, իսկ վերջերս՝ «Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունը»։ «Ես համաձայն եմ, որ առանց ժողովրդավարության չի կարող լինել խաղաղություն եւ անվտանգություն։ Այս մարտահրավերներն ունեն կարեւոր սոցիալական, հոգեբանական եւ տնտեսական հետեւանքներ: Մարդու իրավունքները պաշտպանելիս դժվար է դրանք հաղթահարել։ Այնուամենայնիվ, կարելի է հաստատել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնարար ազատությունների իրագործումը՝ հաշվի առնելով, որ նույնիսկ Covid-ի ընթացքում խորհրդարանը նիստեր էր անցկացնում, մամուլը տարբեր կարծիքներ էր արտահայտում։ Որպես ամենակարեւոր ձեռքբերում՝ դեսպանը մատնանշել է 2021 թվականին թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, չնայած կարճ նախընտրական շրջանին եւ համավարակին։

«Ընտրություններում արտացոլվեց ժողովրդավարական ուղին եւ բարեփոխումները շարունակելու Հայաստանի ժողովրդի կամքը։ Սա է նպատակը»,- ասել է դեսպանը՝ նշելով անկախ լրատվամիջոցների դերն այս ճանապարհին։ «Խոսքի ազատությունը, անկախ լրատվամիջոցների զարգացումը խաղաղության եւ ժողովրդավարության կարեւոր նախադրյալներ են, քանի որ դրանք ապահովում են ճշմարտացի տեղեկատվություն, եւ մենք չենք տուժում ապատեղեկատվությունից։ ԵՄ-ն աջակցում է ԶԼՄ-ների ազատությանը եւ բազմակարծությանը` որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներից մեկը եւ բաց ու ազատ քննարկումների հարթակ»,- ասել է դեսպանը:

Հայաստանին անհրաժեշտ է նաեւ ուժեղ քաղաքացիական հասարակություն, ասել է Վիկտորինը։ Նրա խոսքով, Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար կարեւոր է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը քաղաքականության մշակմանը եւ կառավարման բարեփոխումներին։ «Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը քննադատության է ենթարկվում։ Մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներն ու հասարակության կազմակերպությունները քննադատության եւ ատելության թիրախ են դարձել։ «Անցյալ շաբաթ ես բողոքներ եմ լսել կանանց եւ երեխաների իրավունքները պաշտպանող եւ ընտանեկան բռնության դեմ պայքարող ԼԳԲՏ համայնքին աջակցող հասարակական կազմակերպություններից․ նրանք հարձակումների են ենթարկվում։ Եվ նույն խմբերը բողոքում են իրենց իրավունքների սահմանափակումից։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընտրովի բնույթ չի կրում»,- ասել է Վիկտորինը` հավելելով, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ եւ ազատություններ` անկախ ազգությունից, ռասայից եւ կրոնից:

Վիկտորինի կարծիքով՝ 2020 թվականին բռնության կոչերը քրեականացնող օրենքի ընդունումը խորհրդարանի կողմից, դրական քայլ էր։ «Մյուս կողմից, զրպարտության մասին օրենքի հետ կապված որոշակի մտահոգություն կա, որ վիրավորանքի կամ զրպարտության քրեականացումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ խոսքի ազատության իրավունքի իրացման համար»,- հայտարարել է Վիկտորինը` մեջբերելով Էյնշտեյնի խոսքերը: Դեսպանը հիշեցրել է, որ համաձայն Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների իրացման եւ Հայաստանի ժողովրդի համար բարենպաստ, անվտանգ, խաղաղ մթնոլորտ ստեղծելու գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ