News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Արցախի Խծաբերդի և Հին թաղերի կորստի գործով մեղադրյալներից Արսեն Ղազարյանը չի ընդունում մեղադրանքը, թե լքել է մարտադաշտը, չի կատարել վերադասի հրամաններն ու անփույթ է վերաբերվել ծառայությանը, հաղորդում է «Ազատությունը»:

44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից մեկ ամիս անց էլ Հադրութի այս տարածքները հայկական վերահսկողության տակ էին և Ադրբեջանին անցան միայն դեկտեմբերի 13-ից հետո։ Մեղադրյալի աթոռին հայտնված գումարտակի հրամանատարը դեկտեմբերին իր 38 հոգանոց խմբով մարտեր էր վարել այդտեղ հայտնված ադրբեջանական զինուժի դեմ, բայց ապարդյուն։ Այժմ 40-ամյա փոխգնդապետը մեղքի սլաքն ուղղում է իր վերադասին՝ առայժմ առանց անուն տալու։

«Երևի հանձնելու համար պետք է գերեվարումներ կամ զոհեր ունենային, որ հանձնումը հիմնավորեին, իմ կարծիքն է դա: Ես չեմ էլ ուզում քաղաքական այս խաղերի մեջ ներքաշվեմ», - ասում է նա:

Խծաբերդի և Հին թաղերի հատվածներում տեղակայված զինվորականներից 64-ը գերեվարվել էին։ Նրանցից միայն 31-ն են հայրենադարձվել։ Մյուսները լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով պահվում են ադրբեջանական բանտերում։ Բաքուն նրանց համարում է ոչ թե ռազմագերիներ, այլ՝ հանցագործներ և հրաժարվում է վերադարձնել։

Գլխավոր դատախազությունն ավելի քան կես տարվա քննությունից հետո հայտնում է, որ Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության, փոխարենը իր ենթականերին նահանջելու հրաման է տվել, ինչի հետևանքով Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Կես տարի կալանքի տակ անցկացրած, ապա ստորագրությամբ ազատ արձակված և մեղքը չընդունող գնդապետը, մինչդեռ, պնդում է՝ 13 օր անհավասար մարտեր է մղել իր 38 հոգանոց խմբից 15 անգամ շատ ադրբեջանական զորքի հետ։ Բարեբախտաբար, իր խմբից զոհեր չեն ունեցել, ասում է փոխգնդապետը և հավելում՝ մեծաթիվ ադրբեջանցիների հետ չէին կարող երկար պայքարել։

«Այդ ընթացքում վերադասի կողմից ոչ մի համապատասխան միջոցներ, օգնող ուժեր կամ այլ մնացած մեթոդները ժամանակին տեղ չեն հասել», - նշում է նա:

Ճշտմանը` այսինքն եթե օգնեին, կարո՞ղ էին հետ մղել ադրբեջանական ուժերին, պատասխանեց. «Միանշանակ հնարավոր էր»:

Վերադասի ցուցումով Արսեն Ղազարյանը բանակցել է իրենց դիրքեր հասած ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, հրաժարվել են հետ գնալ, պատմում է զինվորականը. «Տեղեկացրել եմ, որ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք է, իրենք էլ իրենց կողմից ներկայացրել են, որ դա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք է»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ