News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջերս ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամրապնդվում է այլ միջազգային արժույթների հանդեպ (եվրո, իեն եւն): Բանն այն է, որ գնաճի դեմ պայքարի շրջանակում այս տարվա մայիսի սկզբին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հերթական անգամ առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է 0,25-0,5 տոկոսից հասցնելով 0,75-1 տոկոսի:

Հիշեցնենք, որ այդ տոկոսադրույքը միջբանկային վարկերի համար է: Սովորաբար, տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է հումքային ապրանքների համաշխարհային գների նվազմանը (նավթ եւ գազ, ինչպես նաեւ մետաղներ): Դա, իր հերթին, հանգեցնում է այլ ապրանքների էժանացմանը:

Ի դեպ, ի տարբերություն համաշխարհային միտումների՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի ամրապնդվել, ընդհակառակը, նվազել է: Ի դեպ, տվյալ գործընթացը որեւէ օբյեկտիվ տնտեսական պատճառ չի ունեցել: Դոլարի փոխարժեքի նվազումը բացասաբար է ազդում այն ընտանիքների եկամուտի վրա, որոնք արտասահմանից դրամական փոխանցումներ են ստանում այ արժույթով: Կորուստներ է կրում նաեւ հայրենական արտահանումը: Հավելենք, որ արտասահմանցի ներդրողները «թույլ» դոլարի պատճառով կորցնում են հետաքրքրվածությունը մեր երկրի նկատմամբ:

Դժվար չէ նկատել այդ արժույթի փոխարժեքի դինամիկայի նման բնույթը նաեւ Ռուսաստանում: Նշենք, որ Ռուսաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքների հարաբերակցության գործակիցը գերազանցում է 0.8- նշաձողը, որը համարվում է դրական կապի բարձր աստիճան:

Մեր Կենտրոնական բանկը նույնպես քայլեր է «ձեռնարկում» գնաճի դեմ պայքարում: Մարտի կեսերին կարգավորող մարմինը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 1.25 տոկոսով՝ հասցնելով 9.5 տոկոսի: Դոլարի միջին փոխարժեքն ապրիլին մարտի համեմատ նվազել է մոտ 26 դրամով: Ըստ էության, դա պետք է նաստեր ներկրվող ապրանքների որոշակի վերակենդանացմանը»: Սակայն ապրիլին մարտի համեմատ ընդհանուր գնաճը կազմել է 2.3 տոկոս, այդ թվում սննդամերթքինը՝ 4 տոկոս:

Ինչպես տեսնում ենք, չնայած ԱՄՆ դոլարի «թուլացմանը» եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը՝ գնաճը չի դանդաղել, այլ արագացել է: Ամենայն հավանականությամբ, մեզ մոտ կրնվում է ՌԴ-ում գրանցված գնաճի սցենարը:

Առանձին ռուս փորձագետներ նշել են, որ ռուբլու կտրուկ ամրապնդումը չի հանգեցրել մի շարք ապրանքների գների համապատասխան նվազմանը: Այդ պարադոքսը նրանք բացատրում են Ռուսաստան ապրանքների ներկրման տեխնիկական խնդիրներով, ինչի պատճառով էլ մի շարք ներկրվող ապրանքների դեֆիցիտ է գրանցվել: Այսինքն, ազդեցություն են ունեցել Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները:

Սակայն որոշ փորձագետներ խնդիր են տեսնում նաեւ կապված առեւտրային կազմակերպությունների կողմից՝ նախկինում բարձրացված գները նվազեցնելու ցանկության բացակայության հետ: Ինչպես կարելի է ենթադրել, նման եզրահանգումն արդարացի է նաեւ մեր առեւտրականների համար: Վերջիններս, բնականաբար, ամեն ինչ կբարդեն սննդամթերքի հետ կապված գլոբալ ճգնաժամի, համաշխարհային գների աճի, տեխափոխման խնդիրների վրա:

Սակայն մեկ մշտական հարց կա. որքանո՞վ են մեզ մոտ հիմնավորված մանրածախ եւ մեծածախ գները կարեւորագույն ապրանքների եւ ծառայությունների համար: Այլ կերպ ասած՝  վաճառքից ի՞նչ «եկամուտ» են ունենում տեղացի գործարարները: Սակայն մինչ օրս մեր հասարակությունն այդպես էլ սպառիչ պատասխան չի ստացել այդ հարցի համար:

Տվյալ խնդրով պետք է զբաղվեն համապատասխան պետական մարմինները, որոնք ներկայում օլիմպիական հանդարտությամբ հետեւում են գների բարձրացմանը: Կարելի է ասել, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը գնաճը զսպելու հարցում ամբողջովին տապալվել է: Չէ՞ որ գնորդները, խանութ մտնելով, ամեն օր նոր գներ են տեսնում՝ ավելի բարձր, քան նախկինում:

Պետությունը պարտավոր է գործարկել բոլոր մեխանիզմները գնաճի զսպման համար: Տարբերակներից մեկը սննդամթերքի կարեւոր ապրանքների վաճառքի գնի վերին նշաձողի սահմանափակումն է: Նման միջոցի կիրառմանն ընդդիմանում են մի շարք տնտեսագետներ, որոնք կարծում են, որ պետությունը չպետք է միջամտի ձեռնարկատիրական գործունեությանը: Շուկան ինքնուրույն կկարգավորվի: Սակայն քաղաքացիները տեղյակ են՝ ինչպես է շուկան «կարգավորում» գները:

Կարելի է նաեւ առաջարկել որոշ կարեւորագույն մթերքների ԱԱՀ-ի մակարդակի նվազեցում, եւ դա փոխհատուցել շքեղության ապրանքների հարկի բարձրացմամբ: Նման առաջարկներ առկա են առանձին զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Գերմանիայում:

Տիգրան Վարդանյան

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ