News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագործակցությամբ Էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով, որին մասնակցել են Հայաստանի եւ Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է․ «Այսպիսի հանդիպումները ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլեւ կարեւոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։

Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջեւ նոր անմիջական շփումների հաստատմանը եւ հեռանկարային փոխշահավետ նախագծերի եւ համատեղ լուծումների քննարկմանը»։

Նախարարը հավելել է, որ այսօր Հայաստանում փոխվում է տնտեսության կառավարման ձեւը՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն առավել ճկուն, ունակ արագ արձագանքելու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։

«Վերջին ժամանակահատվածի զարգացումները եւ արձանագրված տնտեսական ցուցանիշները ապացուցում են, որ մեր կողմից հայտարարված տնտեսական զարգացման մոդելը եւ մեր տեսլականն ամբողջովինարդարացված են։ Մեր հիմնական նպատակադրումն արտահանելի տնտեսության ձեւավորումն է», - ասել է նախարար Քերոբյանը։
Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանում 2021 թվականի վերջի դրությամբ գրանցված է իրաքյան կապիտալի մասնակցությամբ 88 ձեռնարկություն, ՀՀ առեւրաշրջանառությունը Իրաքի հետ 2021 թվականին կազմել է 182 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 51,64 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։

Նախարարն ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է եւ Հայաստանը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի հետ լայն համագործակցության հաստատումով եւ խորացումով։
Շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար՝ Իրաքի քրդական տարածաշրջանի արտահանման եւ ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուրրահման Աբդուլլահը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ակտիվ համագործակցություն կձեւավորվի տնտեսական, առեւտրական եւ ներդրումային ծրագրերի իրականացման առումով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով իր խոսքում նշել է․ «Այսօրվա համաժողովը Հայաստանի եւ Իրաքյան Քուրդիստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին եւ, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը, իսկ գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից՝ չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը»։
Արմեն Արզումանյանը նաեւ շեշտել է, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. երկրում իրականացվում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով եւ երաշխավորելով ներդրումները օրենքով: Ավելին` արդեն իսկ ստեղծվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար եւ ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման եւ ներմուծման միության Քիրքուքի մասնաճյուղի նախագահ Սալահ Ֆարիք Մոհիալդին, «ՋիԲի Թրեյդինգ»-ի խորհրդի նախագահ Սաիդ Ջամալին:

Համաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման եւ ներմուծման միության միջեւ Համագործակցության Հուշագիր։

Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը հյուրերին ներկայացրել է շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի եւ ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։  

Միջոցառման շրջանակում կայացել են B2B ձեւաչափով հանդիպումներ։

Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրություն են հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության եւ առեւտրի (առեւտրային ցանցեր) ոլորտներում։

Տպել
Ամենաշատ