News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շատ եվրոպացիների համար որքան ավելի մոտ են իրենք Ռուսաստանին, այնքան ավելի արագ է բարձրանում կյանքի արժեքը, գրում է Financial Times-ը։

«Էներգակիրների մատակարարման հարցերում Ռուսաստանից կախվածության աստիճանը հիմնական, բայց միակ գործոնը չէ, որը որոշում է ինֆլյացիայի արագությունն այն բանից հետո, երբ փետրվարին Ուկրաինա Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումը հանգեցրեց հանածո վառելիքի գների կտրուկ աճի», նշում է թերթը:

Բալթյան երկրները եւ ԵՄ արեւելյան մյուս երկրները, ինչպես նաեւ Ուկրաինան, շատ են տուժել: Այս երկրներից շատերը սերտորեն կապված են Ռուսաստանի եւ նրա էներգակիրների հետ: Սակայն նրանց ավելի բարձր ինֆլյացիան նույնպես արտացոլում է վերջին շրջանում ավելի ուժեղ տնտեսական աճը եւ աշխատաշուկաների ամրապնդումը, նշվում է հոդվածում։

ԵՄ 27 անդամ երկրների մեկ երրորդը բախվել է երկնիշ ինֆլյացիայի, հատկապես Էստոնիան, որտեղ սպառողական գները տարեկան աճում են գրեթե 19 տոկոսով: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին սկսել է խոսել «պուտինֆլյացիայի» մասին՝ փորձելով գների կտրուկ բարձրացումը բարդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժման վրա, նշում է թերթը:

Սակայն ամենաբարձր ինֆլյացիան նկատվում է Թուրքիայում, որտեղ լիրայի արժեքի անկման եւ ուկրաինական պատերազմի հետեւանքով մեկ տարվա կտրվածքով ապրիլ ամսին գներն աճել են 70 տոկոսով։ Մյուս երկրները, որոնք բախվում են աճող ինֆլյացիայի հետ, նույնպես մեծապես կախված են Ռուսաստանից՝ էներգամատակարարման առումով: «Եվրոստատ»-ի տվյալներով, որոնք հիմնված են 2020 թվականի մատակարարումների վրա, մինչեւ վերջերս Լիտվա էներգակիրների գրեթե ողջ ներմուծումը կատարվում էր Ռուսաստանից, մինչդեռ Սլովակիայում եւ Հունաստանում այն կազմում էր գրեթե կեսը։ Ապրիլին Լիտվան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը դադարեցրեց ռուսական գազի ներկրումը։ Ըստ «Եվրոստատ»-ի՝՝ եվրոգոտու ինֆլյացիայի ընդհանուր աճի կեսից ավելին՝ մինչեւ 7,4 տոկոս ռեկորդային բարձր մակարդակ, անցյալ տարի բաժին է ընկել էներգակիրներին։

Ըստ դաշնային վիճակագրական Destatis ծառայության՝ Գերմանիայում արդյունաբերական ապրանքների գները մեկ տարվա ընթացքում մինչեւ ապրիլ աճել են ավելի քան մեկ երրորդով, ինչը ամենաարագ աճն է 1949 թվականից:

Destatis-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ էլեկտրակայանները էլեկտրամատակարարման համար չորս անգամ ավելի են վճարում, քան անցյալ տարի այս ժամանակ: Կտրուկ աճել են նաեւ մետաղների, թղթի, պարարտանյութերի, սննդամթերքի եւ այլ նյութերի գները։ Եվրոպացի սպառողների համար թանկանում են նաեւ մյուս ապրանքները՝ մասնավորապես սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը, որոնց բաժին է ընկնում տարեկան թանկացման գրեթե մեկ հինգերորդը։

ԱՄՆ-ում ինֆլյացիան ավելի բարձր է եղել, քան եվրոգոտում՝ ապրիլին կազմելով 8,3 տոկոս։ Բայց դա շատ ավելի քիչ առնչություն ունի էներգակիրների հետ, որին բաժին է ընկել վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում գների աճի միայն մեկ երրորդը: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն էներգիայի առումով ավելի ինքնաբավ է, քան Եվրոպան, եւ որ նրա տնտեսությունն ավելի շատ է տաքացել, ինչի հետեւանքով կտրուկ աճել են ոչ էներգետիկ ապրանքների, ծառայությունների գները եւ աշխատավարձերը: Չնայած ինֆլյացիայի վերջին պոռթկումն ընդգրկել է ամբողջ Եվրոպան, որոշ երկրներում, հատկապես Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում, այն ավելի խլացած է: Արժույթի վերջին ամրապնդումը Շվեյցարիայում, որը խաղաղ նավահանգիստ է համարվում ճգնաժամի ժամանակ, կարեւոր գործոն է դարձել, որը երկրում իհֆլյացիան սահմանափակել է 2,5 տոկոսի մակարդակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ