
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը եւ ուկրաինական հակամարտությանը գլոբալ արձագանքը, հայտնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։
«Նրանք խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող հարձակման եւ դրա հեռահար հետեւանքների առնչությամբ եվրատլանտյան տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության ու կայունության համար:
Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը ճգնաժամի դեմ պայքարում, եւ նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ ուկրաինական հացահատիկի մատակարարման կարեւոր ուղիները բացելու եւ պարենի համաշխարհային գների աճը մեղմելու համար:
Խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, թե ինչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանը իր եվրոպացի հարեւանների համար, եւ ընդգծել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան արժեքավոր լրացում կլինեն ՆԱՏՕ-ի դաշինքին։
Նա հորդորել է նախագահ Էրդողանին աշխատել շվեդ, ֆինն եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ լուծելու ցանկացած խնդիր մինչեւ հաջորդ ամիս Մադրիդի գագաթաժողովը, եւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Ղեկավարները նաեւ ողջունել են պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի ոլորտներում Թուրքիայի հետ Մեծ Բրիտանիայի աճող գործընկերությունը: Վարչապետը նշել է, որ անցյալ տարի մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 3 մլրդ ֆունտ սթեռլինգով եւ կարող է էլ ավելի ամրապնդվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։