News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Բեռլինի զգուշավոր մոտեցումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Գերմանիան «չափազանց անվճռական է ծանր սպառազինության մատակարարման եւ պատժամիջոցների հարցում», դանիացի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում գերմանական Handelsblatt թերթը։

«Իհարկե, Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազի ներկրումից, բայց ես կարծում եմ, որ դաշնային կառավարության հստակ դիրքորոշումը կփոխեր Ուկրաինայում ողջ դինամիկան։ Մեզ պետք է Գերմանիայի առաջնորդությունը»,- ընդգծել է Ռասմուսենը։

Նա եվրոպացիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը։ «Անշուշտ, էներգետիկ էմբարգոն իր գինը կունենա։ Սակայն տեւական պատերազմի գնի համեմատ այն քիչ կլինի»,- վստահ է քաղաքական գործիչը, ում կարծիքով այսօր ամենամեծ ռիսկը մաշող պատերազմն է։

«Ռուսները չլուծված հակամարտությունների հետ խաղերի փորձագետ են։ Մենք դա տեսնում ենք Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայի Դոնբասում, որտեղ նրանք ներխուժել էին 2014 թվականին։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս հակամարտությունն արագ ավարտելու համար»,- կարծում է քաղաքական գործիչը։

Դա անելու ամենաարդյունավետ միջոցը, նրա խոսքով, «Պուտինի պատերազմական մեքենայի» ֆինանսավորումը դադարեցնելն է։ «Սա հենց այն է, ինչ մենք պետք է անենք, եւ հենց դրա համար է անհրաժեշտ դադարեցնել նավթի եւ գազի ներկրումը»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Դաշինքի նախկին ղեկավարը ողջունել է նաեւ ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումը դեպի հյուսիս՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հաշվին։ Նա դա պատմական քայլ է անվանել։ Երկու երկրներն էլ, ըստ Ռասմուսենի, «կբարձրացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, հատկապես բալթյան ուղղությամբ», հաղորդում է Deutsche Welle-ն։

69-ամյա Ռասմուսենը մեծ քաղաքականություն է մտել 1987 թվականին՝ դառնալով Դանիայի հարկերի, իսկ ավելի ուշ՝ էկոնոմիկայի նախարար։ 1998-ին նա գլխավորել է Լիբերալ կուսակցությունը, որը հաղթանակ է տարել 2001-ի խորհրդարանական ընտրություններում։ 2001-2009 թվականներին գլխավորել է Դանիայի կառավարությունը։ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին։ 2016-2019 թվականներին եղել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտաքին քաղաքականության հարցերով արտահաստիքային խորհրդականը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ