
Պանթուրանական շղթան անցնում է Սյունիքով, եւ պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակն ու գերխնդիրն է վերջապես իրականացնել երազանքները եւ, օգտվելով Հայաստանի թուլացած վիճակից, պատմական հաղթանակ արձանագրել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստան դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը աշխարհին միշտ հետաքրքրել է երկու բանով՝ ատոմակայանով եւ նրանով, որ գտնվում է պանթուրքական շղթան կտրող աշխարհաքաղաքական գծի վրա։
Ընդ որում՝ նա նշեց, որ ատոմակայանը, բացի էներգիայի ապահովման իր անմիջական խնդրից, ապահովում է նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը։
«Պանթուրանական այս շղթան անցնում է Սյունիքով, եւ պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակն ու հիմնական խնդիրն է վերջնականապես իրականացնել իրենց երազանքները եւ, օգտվելով Հայաստանի թուլացած վիճակից, պատմական հաղթանակ արձանագրել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, Սյունիքի «միջանցքի» մասին խոսակցությունները կշարունակվեն։
«Մենք պետք է հասկանանք, որ մեր աշխարհաքաղաքական նշանակությունը կվերանա, եթե Հայաստանը հանկարծ գնա նման զիջումների, եւ այդ միջանցքը նրանից անցնի ադրբեջանա-թուրքական տանդեմի վերահսկողության դաշտ։ Մենք կհայտնվենք աշխարհաքաղաքական պարկի մեջ եւ որպես գործոն այլեւս ոչ մեկին չենք հետաքրքրի... Մենք հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
Որպես երկրորդ խնդիր՝ քաղաքական գործիչը նշեց հայերի իրավունքների պահպանման խնդիրը։ Նա ընդգծեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխվել այնպես, որ այսօրվա դրված խնդիրները վաղն արդեն կյանքի կոչվեն։
Պատգամավորի խոսքով՝ մենք, որպես սերունդ, չպետք է այնպես անենք, որ հաջորդ սերունդն այլեւս իմաստ չտեսնի իր իրավունքների ու պատմական արդարության վերականգնման ու պահպանման մեջ։