News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հավաստիացրել է իր «լավ բարեկամին»՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, որ ԱՄՆ-ը լիովին կողմնակից է Ճապոնիայի պաշտպանության գործին՝ Չինաստանի եւ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված աճող լարվածության ֆոնին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Բայդենի երկօրյա այցի (որը ներառում է հանդիպումներ Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի ղեկավարների հետ «Քառակողմ երկխոսության» (Quad) շրջանակում) անկյունաքարն է դառնալու Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական ծրագրի (IPEF) գործարկումը։ Այդ ծրագիրն ապահովելու է Ասիայի հետ ԱՄՆ-ի փոխգործակցության տնտեսական հիմքը։

«Ամերիկա-ճապոնական դաշինքը վաղուց դարձել է խաղաղության եւ բարգավաճման անկյունաքարը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եւ Միացյալ Նահանգները նախկինի պես լիովին կողմնակից է Ճապոնիայի պաշտպանության գործին»,- ասել է Բայդենը Կիսիդայի հետ Տոկիոյի կենտրոնում գտնվող Ակասակա պալատում ընթացող բանակցությունների սկզբին։

Մինչ այդ նա հանդիպել էր կայսր Նարուհիտոյի հետ եւ կարճ զրուցել պալատի մուտքի մոտ՝ ներս մտնելուց առաջ։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Բայդենը ողջույններ է փոխանցել ամերիկյան ժողովրդի անունից՝ ընդգծելով ամերիկա-ճապոնական հարաբերությունների ամրությունը։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Ճապոնիայի ռազմական պոտենցիալի ընդլայնման հարցերն՝ ի պատասխան Չինաստանի աճող հզորության։ Սպասվում է նաեւ, որ դաշնակիցները հաստատելու են սերտ հարաբերությունները Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում՝ նշելով, որ ստատուս-քվոյի միակողմ փոփոխությունն անընդունելի է։

Ասիայում խորանում է անհանգստությունը Չինաստանի հետ կապված, հատկապես Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի առնչությամբ։ Բացի այդ, խորանում է լարվածությունը ինքնակառավարվող Թայվանի հարցում, որին Չինաստանը դիտարկում է որպես իր խռովարար նահանգ։

Հյուսիսային Կորեան եւ տարածաշրջանային խնդիրները նույնպես օրակարգում են։ Ավելի ուշ, օրվա ընթացքում Բայդենը կհանդիպի այն ճապոնացիների հարազատների հետ, որոնք տարիներ առաջ առեւանգվել են  Հյուսիսային Կորեայում լրտեսության պատրաստվելու համար։

Բայց օրվա գլխավոր իրադարձությունը Բայդենի կողմից Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական ծրագրի գործարկումն է լինելու՝ մատակարարումների շղթաների կայունության, «մաքուր» էներգետիկայի, ենթակառուցվածքի եւ թվային առեւտրի ոլորտներում կայուն համագործակցության համար։

ԱՄՆ-ը զրկվել էր Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ փոխգործակցության տնտեսական հենարանից, երբ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս էր եկել բազմազգ տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային համաձայնագրից՝ տեղ ազատելով Չինաստանի ազդեցության համար։

Բայց IPEF-ն հազիվ թե իրավաբանորեն պարտադիր դրույթներ ներառի, եւ Ասիայի երկրներն ու փորձագետները բավական սառն են արձագանքել ծրագրին, որը սահմանափակված է նրանով, որ Բայդենը չի ցանկանում ռիսկի դիմել ամերիկյան աշխատատեղերի հարցում՝ տարածաշրջանի համար այդքան ցանկալի շուկայի հասանելիությունն ընդլայնելու միջոցով։

«Քառակողմ երկխոսության» բանակցություններին մասնակցելու համար Ճապոնիա է այցելել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Սպասվում է նաեւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի այցելությունը։

Բայդենը Ճապոնիա է ժամանել կիրակի երեկոյան Հարավային Կորեայից եւ երեքշաբթի վերադառնալու է ԱՄՆ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ