News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը գործում է 1934 թվականից: Շենքը նախագծել է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Թամանյանական ձեռագիրն այստեղ ընդգծված է դռներից մինչև դահլիճի ձևավորում: Տարիների ընթացքում շենքը մասնակի նորոգվել է, բայց դրանով հիմնախնդիրները չեն լուծվել: Այս մասին NEWS.am-տ տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Արդեն 40 տարուց ավելի այս շենքում որևէ լոււրջ փոփոխություն չի եղել: Նորոգումները եղել են դպրոցի խնայողությունների հաշվին՝ պարբերաբար այս կամ այն հատվածում»,-ասում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի դպրոցում շինարարական եռուզեռ է:

Աշխատանքների ընթացքը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ է:

«Մոտ 25 մլն դրամ է մեր տարեկան բյուջեից հատկացվել այս կենտրոնի նորոգմանը: Վերջին անգամ այստեղ հիմնանորոգում է իրականացվել 1980-ական թվականներին: Կարծում եմ, մոտ ժամանակներս աշխատանքները կավարտվեն: Իհարկե, այս բնույթի աշխատանքները շարունակական են լինելու, որպեսզի մեր երեխաները, մեր համաքաղաքացիները հարմարավետ պայմաններում ստանան երաժշտական և մշակութային գիտելքներ և հաճույքով հաճախեն կենտրոններ»,-ընդգծում է Լևոն Հովհաննիսյանը:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվեն դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Կփոխվեն ու միանման կդառնան հնամաշ պատուհանները: Դրանք կլինեն փայտագույն ու շենքին համահունչ: Կնորոգվեն, կհարդարվեն պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:

«Հատակը, պատերը կհարդարվեն, կդրվեն երկրորդ ձայնամեկուսիչ դռներ, որովհետև համերգի ժամանակ շենքի ձայները լսվում են: Դահլիճն իրավունք ունի լինելու լավ վիճակում, քանի որ այն Հայաստանի լավագույն դահլիճներից է և տեսքի, և ձայնային առումով: Երեխաները կրթվում են ոչ միայն ականջներով, այլև աչքով, և մենք ուզում ենք, որ անհամաչափություն չլինի: Գեղեցիկ միջավայր կստանանք, որն, առնվազն, 1, 2 տասնամյակ կծառայի»,-նշում է Տիգրան Հեքեքյանը:

Պատմամշակութային շենքում աշխատելիս կարևոր սկզբունքներից մեկը ժառանգածը պահպանելն ու վերականգնելն է: Աշխատանքների որոշակի ծավալներ կվերանայվեն ու կավելացվեն: Շենքային պայմաններից բացի Լևոն Հովհաննիսյանը նաև գույքային խնդիրներն է նկատում:

«Վերանորոգումն ավարտելուց հետո կանդրադառնանք նաև գույքին: Կտեսնենք, թե կոշտ գույքի առումով ինչ խնդիր ունենք և որոշակի չափով կհամալրենք»,-նշում է Լևոն Հովհաննիսյանը:

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում սովորում է շուրջ 450 սան: Պայմանների բարելավումը կարևոր է ոչ միայն նրանց, այլև մանկավարժների համար: Քաղաքային իշխանությունը փուլ առ փուլ անդրադառնալու է համայնքային ենթակայության կրթամշակութային մյուս օջախներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ