News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս՝ առավել հայտնի զբոսաշրջային արահետներից անդին։

«Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով։ Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝  որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում, - ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։

Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

Հատուկ այս նախագծի համար թիրախային խմբերի ներգրավվածությամբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք կառուցված էին երկու հիմնասյան վրա` երկրի ընկալումն ու փորձառությունը։ Այդ ուսումնասիրություններից դուրս են բերվել հիմնական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է թիրախային լսարանը ընկալում Հայաստանը և ապրում հայկական զբոսաշրջային փորձը: Համագործակցելով Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ ԱՀԱ կոլեկտիվի թիմը մշակել է եզակի բրենդ՝ երկրի մրցակցային առավելությունների խթանումը վերածելով մրցակցային ինքնության՝ դարձնելով Հայաստանը տարբերվող և ուրույն զբոսաշրջային ուղղություն։

Բրենդը ներառում է Հայաստանի ԴՆԹ-ն՝ ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր։ Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:

«Շատ ուրախ ենք աջակցելու Հայաստանին՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայանալու գործում։ Իրապես, այս չքնաղ երկիրը դեռ մեծապես պետք է բացահայտվի, և մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հաջողություններին՝ այս գեղեցիկ բրենդի ներքո», - նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«The Hidden Track» անգլերեն կարգախոսի առաջնային նշանակությունն է «դեռևս չբացահայտված ուղություն», իսկ երկրորդականն առնչվում է երաժշտական ոլորտին։ Նախկինում շատ ձայնագրություններում կարելի էր հայտնաբերել երգացանկում նախօրոք չնշված մի կատարում, որն ամբողջացնում էր ունկնդրման փորձառությունը։ Այս արտահայտությունն (The Hidden Track) ակնարկում է զարմանքն ու անակնկալ հիացմունքը, որն այցելուն զգում է Հայաստան ճամփորդելիս։

«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում։ Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», - ասել է ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

Հայաստանի` արմատների պես խոր պատմությունն ու մշակույթը առաջարկում են բազմաշերտ բացահայտումներ ցանկացած տարիքի այցելուների համար: Երկիրը հարուստ է խոհանոցային և արկածային փորձառություններով և արահետներով, որոնք այցելուներին ներգրավում են ընկերական, համարձակ և եռանդուն ճամփորդությունների մեջ։ Տեսողական տարրերի միջոցով բրենդը փոխանցում է նմանատիպ զգացողություններ։

«Ներկայացվող բրենդը մշակվել է որպես օրգանական և մշտապես զարգացող համակարգ։ Բրենդի տեսողական ինքնությունն իրենից ներկայացնում է ներքաշող ձայնային ալիքների միջավայր, որոնք կարծես արտացոլում են Հայաստանի լեռնային բնապատկերները։ Ձևավորված համակարգը հիմնված է կառուցվածքային, բայց ճկուն հիմնարար տարրերի վրա, որոնց թվում են բառանշանը, նորաստեղծ տառատեսակը, որից բխում է ներառական նկարազարդումների համարգ, տաք և վառ գունապնակը։ Տեսողական համակարգի բազմակողմանիությունը առաջարկում է անսահման ստեղծագործական հնարավորություններ և թույլ է տալիս ինքնությանը հասունանալու ժամանակի հետ մեկտեղ, որպեսզի միշտ լինի տարբեր, թարմ և եզակի՝ իր բոլոր դրսևորումներում։ Նման մոտեցմամբ նախագծված բրենդը ներգրավում է դիտողին ավելի ներքաշող և դինամիկ տեսողական փնտրտուքների մեջ՝ Հայաստանը բացահայտելիս», - բացատրում է ԱՀԱ կոլեկտիվի տնօրեն Նաիրի Խաչատուրյանը։

Միջոցառման գագաթնակետը բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումն էր, որը մշակված է որպես նամակ՝ Հայաստանի կողմից ուղղված աշխարհին՝ երկիր այցելելու հրավերով։ Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։

Մեկնարկի ժամանակ Picsart-ի Efekt Video Maker-ի կողմից ստեղծված ինտերակտիվ թվային ինստալացիան թույլ տվեց հանդիսատեսին խորասուզվել բրենդի տեսողական ինքնության մեջ:

Լրատվամիջոցների հարցումների համար դիմել Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի Հասարակայնության հետ կապերի փորձագետ Գայանե Այվազյանին, [email protected], բջջային հեռախոս՝ 093179023։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ