News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Երեւան–Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհի՝ Զովունի–Եղվարդ հատվածն անբարեկարգ՝ քարուքանդ վիճակում է։ Զովունի համայնքի բնակիչ Արկադի Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ տարիներ շարունակ բարձրաձայնել է ճանապարհի անմխիթար վիճակի մասին, սակայն առ այսօր խնդիրը չի կարգավորվում։

«Զովունի–Եղվարդ ճանապարհահատվածը, որը լի է փոսերով, ոչ միայն խոչընդոտում է երթեւեկության ընթացքին, այլեւ ֆինանսական վնասներ է պատճառում վարորդներին»,– դժգոհում են ճանապարհից օգտվող վարորդները։ 

Երեւան–Եղվարդ հանրապետական նշանակության ճանապարհը 2019 թվականի սեպտեմբերի 20–ից սպասարկում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն, իսկ մինչ այդ ճանապարհի սպասարկումն իրականացնում էր «Նաիրի  ՃՇՇ» ԲԲԸ-ն։

«Նախկինում էլ փոսային նորոգումներն արվել են անբարեխիղճ, բայց էս վիճակում ճանապարհը երբեք չի եղել։ Դեռ 2019–ին ես «Ֆեյսբուքում» տեսանյութի էի հրապարակել այս ճանապարհի անմխիթար վիճակի մասին եւ այն ժամանակվա Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշականը չեղարկել էր «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը։ Նոր պայմանագիր կնքեցին «Քյավառ սերվիս» ընկերության հետ, որն ըստ չճշտված տեղեկությունների՝ պատկանում է Արարատ Միրզոյանի աներձագին, կամ էլ նա է հովանավորում այդ ընկերությունը։

Երբ «Քյավառ սերվիսը» շահեց մրցույթը, եկան «պերֆերատորներով» փոսեր փորեցին։ Ես դիմեցի արդեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարությանը, թե էդ ինչպես եղավ, որ երբ «Նաիրի  ՃՇՇ»–ն էր ջրափոսերի մեջ ասֆալտ լցնում, դա չէր կարելի, սննկացրեցիք, իսկ երբ էս մարդիկ նորից ջրափոսերի մեջ ասֆալտ են լցնում, սրանց մեդալ եք կախում վզներից, զրո արձագանք նախարարությունից։ «Քյավառ սերվիսը» միաձույլ ասֆալտի վրա, որտեղ խնդիր է եղել, փոսային նորոգում է արել, այդ փոսերի շուրջը նորից փոսեր են առաջացել, որովհետեւ միտումնավոր սխալ փոսային նորոգում են արել։ Սա արել են, որ ասֆալտը քանդվի, որ հետագայում ավելի մեծ ծավալի ասֆալտային նորոգումներ լինեն»,– ասաց Արկադի Գալստյանը։

Զովունիի բնակչի խոսքով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ից հայտնել են, որ մինչեւ հիմնանորոգումը՝ ճանապարհի ընթացիկ նորոգում չի արվելու։

«Ասում եմ՝ երբ է լինելու հիմնանորոգումը, ասում են՝ չգիտենք, աշխատանքները դեռ նախագծման փուլում են», ասում եմ՝ բա ինչ անենք, ասում են՝ ուշադիր եղեք, փոսերը մի ընկեք, ես սենց խուժան պատասխան չէի լսել»,– նշեց Արկադի Գալստյանը։

Եղվարդ համայնքի բնակիչներից մեկն էլ ասաց. «Ավազը սեւացնում են, յանի, թե ձյութ կա մեջը, բերում են լցնում, ավտոն անցնում ա վրայով, չի կպնում իրար, որ պահի։ Ավտոն իմ տան պատերին քսվելով է գնում»։

Թե ինչո՞ւ փոսալցումներ չեն արվում Երեւան–Եղվարդ հանրապետական նշանակության Զովունի–Եղվարդ ճանապարհահատվածում, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ից NEWS.am-ին փոխանցեցին, որ ճանապարհների ընթացիկ սպասարկումը չի ենթադրում հիմնանորոգում։

«Հաշվի առնելով Հ-4, Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի անբարեկարգ վիճակը, ՏԿԵ նախարարությունը տվյալ ճանապարհի կմ 0+000-կմ 15+600 հատվածի (Զովունիի սկիզբ + 15.6 կմ, հեղ.) հիմնանորոգման հարցը ընդգրկել է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի ճանապարհաշինական ծրագրի իրականացման ցանկում, եւ պատվիրվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր: Այժմ ընթանում են նախագծման աշխատանքները։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելուց եւ ընդունվելուց հետո կկազմակերպվի շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթաց, որից հետո կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները:

Տեղեկացնենք, որ նշյալ ճանապարհահատվածն այս պահին շահագործման ենթակա չէ։ Ըստ կարգի՝ այն ճանապարհահատվածները, որոնք ներառվում են հիմնանորոգման ծրագրերում, դուրս են բերվում ընթացիկ պահպանման աշխատանքների ծրագրից։ Այնուամենայնիվ, ճանապարհը սպասարկող կազմակերպության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի վերջինս իր միջոցներով անձրեւների դադարից հետո կատարի մասնակի ժամանակավոր փոսալցման աշխատանքներ»,– ասված է հարցման պատասխանում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ