News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք ի վերջա մտան ԱԳՆ շենք, բացեցին պատուհաններից մեկն ու ողջունեցին նախարարության շենքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին։

«Պայքար, պայքար, պայքար»,-վանկարկեցին պատգամավոր Արամ Վարդևանյանն ու Արթուր Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորներին ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Պատգամավորեր Թադևոս Ավետիսյանն առաջարկեց նրան կրել Արցախի դրոշով պիտակը, ինչին ի պատասխան Սաֆարյանը ասաց, որ Արցախի դրոշը կրելու ոչ մի խնդիր չունի և այն փակցրեց իր հագուստի վրա։ Պատգամավորները հարց ուղղեցին նախարարի տեղակալին, թե կա՞ ԱԳՆ-ում մի աշխատակից, ով կարող է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Քրիստինեի այդ բառերը, 1992 թ. Գերագույն խորհրդի որոշմամբ իրավական ուժ ունեցող  բառացի մեջբերում է։ Դա կարծիք չէ։ Դրան հետևելը Ձեր ուղղակի պատականությունն է»,-շարունակեց Արամ Վարդևանյանը։

«Ես սյունեցի եմ և լսեցի, որ Ալիևն ու Էրդողանն իրար հետ զրույց են ունեցել և ասել են, որ Սյունիքի միջանցքը լինելու է։ Լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,-հարցրեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Դուք լսել եք ԱԳՆ հայտարարությունները, ես լսեցի ձեր մեսիջները և կարծիքները»,- արձագանքեց Մնացական Սաֆարյանը։

Հարցին, թե արգելվա՞ծ է իրեն նման բան հայտարարեց, ԱԳ նախարարի տեղակալն ասաց՝ արգելված չէ։

ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից և հայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպես էլ չարտասանեց Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում արտահայտությունը։

Նշենք, որ Մնացական Սաֆարյանն ընդգրկված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ