Ֆրանսիայի համերաշխության, տարեց եւ սահմանափակ հնարավորություններով քաղաքացիների ինքնավարության նախարար Դամիեն Աբադը հայտնվել է սկանդալի մեջ այն բանից հետո, երբ մի քանի կանայք նրան մեղադրել են բռնաբարության մեջ, գրում է The Guardian-ը։ Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը կասկածվում է առնվազն երկու միջադեպերի մեջ, որոնք տեղի են ունեցել 2010 եւ 2011 թվականներին։
Ինքը՝ Աբադը, որ նախարար է նշանակվել մայիսի 20-ին, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ի վիճակի չէ սեռական բռնության, այդ թվում՝ այն պատճառով, որ տառապում է արթրոգրիպոզով՝ հենաշարժական համակարգի բնածին հիվանդությամբ, որն ախտահարում է մարդու վերջույթները։
«Բոլոր սեռական հարաբերությունները, որոնք ես ունեցել եմ իմ կյանքում, միշտ եղել են համաձայնությամբ: Այս մեղադրանքները խորը ցավ են պատճառում ինձ եւ իմ շրջապատին։ Ես միշտ խուսափել եմ իմ հաշմանդամությանս հարցը բարձրացնելուց։ Ես ստիպված եմ դա անել հիմա, որպեսզի պաշտպանեմ ինձ եւ նույնիսկ մանրամասն խոսեմ ինտիմ բաների մասին, որպեսզի բացատրեմ, որ ինձ վերագրվող գործողությունները ֆիզիկապես անհնարին են։ Ես վճռականորեն կրկնում եմ՝ կյանքումս երբեք ոչ մի կնոջ չեմ բռնաբարել»,- ի պատասխան մեղադրանքների՝ ասել է Աբադը։
Ինչպես ընդգծել է նախարարը, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իրեն լիովին անմեղ է համարում եւ նման քայլի պատճառ չի տեսնում։ Ավելին, Աբադը ֆրանսիացիներին վստահեցրել է, որ պատրաստվում է կենտրոնանալ իր աշխատանքի վրա։
Ֆրանսիացի նախարարի դեմ մեղադրանքներն ի սկզբանե հրապարակել է Mediapart պորտալը։ Նրա խոսքով՝ մի կին պնդում է, որ 2010 թվականի հոկտեմբերին գնացել է քաղաքական գործչի հետ ընթրելու, մեկ բաժակ շամպայն խմել, իսկ հետո միայն ներքնազգեստով արթնացել է նրա կողքին՝ հյուրանոցի համարում։ Երկրորդը պնդում է, որ 2011 թվականին գիշերել է Աբադի հետ, ըստ նրա՝ սկզբում ինքը համաձայնել է քաղաքական գործչի հետ ինտիմ հարաբերությունների, բայց հետո խնդրել է դադարեցնել դրանք, ինչը, իբր, նա չի արել։