News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ցավոք սրտի, ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» թեմայով քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանի  խոսքով, եթե 20-րդ դարի կեսին այդ երկու բաղադրիչների միջև որոշակի հավասարակշռություն կար, ապա այսօր այդ բալանսը խախտված է, ինչը մեր մաշկի վրա զգում ենք. «Այն կառույցները, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենց վերապահում են ժողովրդավարական հարցերում վերջնական խոսք ասելու իրավունք, այնքան հաճախ են չարաշահում այդ հնարավորությունը, որ արդեն շատերի մոտ ժողովրդավարությունն ասոցացվում է ստի, կեղծիքի, վատ երևույթի հետ։ Դա շատ վատ է, որովհետեւ իրականում ժողովրդավարությունը մեզ համար պետքական բան է: Եթե մեր բանտերը, մեր քրեադատավարական համակարգը լավ պայմաններում լինեին, եթե խոսքի ազատությունը հարգվեր, դա հենց մեր քաղաքացիներին է օգտակար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա ցավ հայտնեց, որ այսօր ժողովրդավարությունը դարձել է քաղաքական գործիք աշխարհքաղաքական հարցեր լուծելու համար. «Այսօր կան ինչ-որ պետության քաղաքացիներ, որոնց նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում կրթական, մշակութային ու այլ ոլորտներում այդ երկրի քաղաքացի լինելու համար։ Սա գլոբալ մակարդակով, այսինքն ճգնաժամն ավելի խորքային է պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով»,-ասաց Մելիքյանը։

Նա հիշեց, որ 2020 թվականի հուլիսին նմանատիպ քննարկման ժամանակ ինքն ասել էր՝ Արևմուտքը կարող է աչք փակել մեր երկրում առկա խնդիրների վրա, բայց ո՞րն է դրա գինը. «Մենք պետք է գիտակցենք դա։ Առնվազն երեկ մենք կրկին համոզվեցինք, որ այս գինը Արցախն է, մեր կենսական շահերն են, Հայաստանն է։ Ուզում եմ հետևություն անել, որ ժողովրդավարության պահապանները վերածվել են ժանդարմների, և դա շատ վատ է։ Մարդիկ անցկացնում են ժողովրդավարության վերաբերյալ ֆորում և չեն հրավիրում ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլև այն մարդկանց, անհամեստաբար ասեմ նաև ինձ, որոնք անընդհատ բարձրաձայնում են մեր երկրի խնդիրների մասին։ Մինչդեռ եթե ինձ հարցնեն, ի՞նչ է ժողովրդավարությունը, ես կպատասխանեմ՝ երկրորդ կարծիքը, այլընտրանքային կարծիք հարգելն է, մարդկանց բերանը չփակելն է, մինչդեռ մեր երկրում խոսքի համար դատվողների տեսակարար կշիռը կտրուկ աճել է։ Սա  նշանակում է, որ ժողովրդավարությունը պրոբլեմատիկ է»,-ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ այսօր հետապնդումներ են իրականացվում մեծ մասամբ այս իշխանության կողմից ընդունած օրենքներով. «Դրանց թվում է նաև ծանր վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու օրենքը։ Օրեր առաջ գլխավոր դատախազությունը հրապարակեց, որ 800-ից ավելի  մարդ է այդ հոդվածով անցնում, ինչը մեծ թիվ է կազմում։ Երկրորդը՝ 226.2 հոդվածն է,  երրորդը՝ Չալաբյանի գործը, որի հոդվածում գործող իշխանությունն է փոփոխություն իրականացրել։ Ինչո՞ւ եմ ասում, ՔՊ կողմից ընդունած օրենքները, ոչ թե ՔՊ օրոք, քանի որ այս բոլոր օրենքներն ընդունվել են բացառապես իրենց ձայներով»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ այս իշխանությունները խաբել են արևմտյան գործընկերներին, թարգմանաբար ուրիշ տեքստ են ուղարկել կարծիքի համար։

Մելիքյանն ասաց, ծանր վիրավորանքի գործերի ճնշող մեծամասնության համար հարուցելու հիմք են դարձել ոչ թե հաղորդումները, այլ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչների գրությունները։

«Նայում ես, ֆեյսբուքյում գրառում կատարողը ոչ էլ հանրային անձ է, մի 20-30 հետևող ունի։ Նման մարդկանց նկատմամբ շատ են հարուցված գործեր։ Ավելին, մարդիկ չեն էլ իմանում, որ նման օգտատերերի կողմից ծանր վիրավորված են, գործում չեն էլ ներգրավվում։ Շուտով մենք կունենանք դատավճիռների հրավառություն»,-ասաց Մելիքյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ