News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Չնայած նրան, որ քրեական գործերը այս կամ այն դատավորին ավտոմատ մակագրող համակարգիչները երկարատեւ ընդմիջումից հետո վերագործարկվել են, այսօր էլ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը երբեմն մակագրվում են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից: Մայիսի 17-ի լուսաբացին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, կալանավորելու վերաբերյալ նիստն անցկացվել է առանց նրա փաստաբանի՝ գիշերով։ Դատավոր Դավիթ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելուց հետո միջնորդությունը ձեռքով, հապշտապ մակագրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել ուշ գիշերը։

NEWS.am-ի հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, թե այս իշխանությունների կողմից դա կանխատեսելի քայլ էր. «Մենք ամիսներ շարունակ ձայն էինք բարձրացնում, որ մակագրման համակարգն արդար դատարանի առումով շատ կարեւոր է։ Բարձրագույն դատական խորհրդից մեզ վստահեցնում էին, որ իրենց համար եւս դա կարեւոր է, բայց բանալիներն առգրավել են, իրենք օբյեկտիվ հնարավորություն չունեն այն վերագործարկելու։ Ու եկավ մի օր, երբ բանալիները վերադարձրին, այստեղ երեւաց, թե ում համար ձեռք չի տալիս գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը։ Դա ձեռք չի տալիս Բարձրագույն դատական խորհրդին, որովհետեւ քաղաքական իշխանության հանդեպ որոշակի պարտավորություններ է ստանձնել, ու այդ պարտավորությունները կատարում է դատարանի նախագահների միջոցով»։

Փաստաբանը հղում անելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին նշեց, որ այն հստակ սահմանում է, որ բոլոր գործերը պետք է մակագրվեն համակարգչի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով. «Հիմա այնքան քաղաքական հսկողության ներքո գտնվող գործեր կան, որ Բարձրագույն դատական խորհուրդը մտածում է՝ ոնց անի, որ իշխանության կամքը ի կատար ածեն։ Խորհուրդն առանձին որոշում է կայացնում, որ այդ կալանքների միջդատական վարույթների գործերը դատարանների նախագահների կողմից ձեռքով մակագրումն է։ Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում։ 2000-ականներին արդարադատության համար օղորմաթաս խմողն այսօր ստանձնել է այս դատական համակարգ վերջնականապես թաղելու գործընթացը իրականացնել»։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում չկա արդար դատական համակարգ. «Իգոր Խաչատուրովի կալանավորման այս միջնորդության դեգերումները ինքնաբացարկից հետո, դատարանի նախագահին գիշերը շտապ 10-ին կանչել դատարան, մակագրություն իրականացնել, մի հատ կալանք տվող դատավոր կանչել, որ քննի. սա խոսում է այն մասին, որ դատական համակարգի հետ գործ չունենք, այլ գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք ստանձնել են քաղաքական իշխանության համար դատական որոշումներ կայացնելու պարտականություն։ Այս ամենը մանկամիտ երեխաների խաղ է, որոնք չեն գիտակցում, որ խաղում են Հայաստանի՝ որպես իրավական պետության ապագայի հետ»։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Փաստաբանը, սակայն, պնդում է, որ ապօրինի կալանք է կիրառվել, եւ, որ Խաչատուրովը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ