News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը՝ կապված Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքների հետ, վերջնականապես բացեց խաղաքարտերն արցախյան խնդրի կարգավորման հարցում։

Միայն «Ղարաբաղի էթնիկ ժողովուրդ» ձեւակերպումը, որը տեղ է գտել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների անվան տակ, հերիք է՝ պատկերացնելու համար, թե մոտ ապագայում ինչ կարգավիճակ է սպասվում Արցախի Հանրապետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը մնա ու հասցնի ստորագրել այդ պայմանագիրը։

«Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-հայտարարել է այս գործընթացի «քավոր» Շառլ Միշելը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ խմբակցության ներսում քննարկե՞լ են Շառլ Միշելի այս հայտարարությունը եւ ի՞նչ կարծիքի են դրա եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպման մասին։

«Քննարկում չի եղել»,- կարճ ասաց նա։

- Բայց Դուք ծանոթ եք, չէ՞, այդ հայտարարությանը։

- Էնքանով, ինչքանով որ հրապարակվել է, պաշտոնական՝ ոչ։

- Իսկ այդ հրապարակվածից Դուք ի՞նչ եք հասկացել, Արցախի ճակատագիրն ինչպիսի՞ն է լինելու։

- Ամենակարեւորն ինձ համար էն ա, որ Արցախի ճակատագրի քննարկման հարցը դառնում ա առարկայական օրակարգ բոլոր կողմերի համար։

- Բայց դա միշտ էլ առարկայական օրակարգ է եղել։

- Չէ, չէ․․․ մի երկու ամիս առաջ մարդիկ ասում էին՝ էդ հարցը փակված ա եւ այլն, եւ այլն։

- Ովքե՞ր էին ասում։

- Վահե ջան, բոլոր դեպքերում հիմա հարմար չեմ գտնում, էլի, մեկնաբանել, վաղը կամ մյուս օրը, երբ որ առիթ կլինի, կխոսենք էդ թեմայով։

- Լավ, մի բան հարցնեմ միայն. Ձեզ համար ընդունելի՞ է Շառլ Միշելի այն ձեւակերպումը, որտեղ ասվում է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

- Դե, հիմա ես չեմ իմանում՝ թարգմանությունը ոնց ա արված, ոնց չի արված, դա ես պետք ա մանրամասն իմանամ, նոր կարողանամ պատասխանել։

- Բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հակադրվել այս հայտարարությանը կամ չի հերքել այն։

- Բոլոր դեպքերում, մինչեւ մենք համապատասխան չստանանաք էդ ամեն ինչը, ես չեմ կարող որեւէ բան ասել։

- Բայց կարող է ստանալուց հետո արդեն ուշ լինել, պարոն Աղազարյան, արդեն կարող է պարզվել՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ։

- Ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Եթե հետեւում եք վերջին երկու տարվա գործընթացներին եւ անհանգստություններին՝ մեզ բոլորիս հետապնդող, ապա կարելի է ասել՝ ամեն ինչ գնում է նորմալ, եւ պետք չի խուճապի մատնվել, եւ, հետեւաբար, երբեք ուշ չի լինում։

- Բա որ ստորագրի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը, ու պարզվի, որ Արցախն այլեւս Ադրբեջան է, ոչ թե Հայաստան, դրանից հետո ուշ չի՞ լինի այլեւս։

- Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնության։

- Վստա՞հ եք, ի՞նքն է այդպես ասել։

- Իհարկե, վստահ եմ, ինչի՞ մասին է խոսքը։

- Այսինքն՝ Արցախի իշխանությունները համաձայն կլինե՞ն, որ իրենք վաղը դառնան էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

- Ես էդպիսի բան չեմ ասել։ Հիմա դադարեցնենք էս զրույցը, երբ որ կծանոթանամ, էն ժամանակ կխոսենք։

- Հիմա ընդդիմությունը, ամեն դեպքում, ասում է, որ վտանգ կա՝ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին։ Դուք կարո՞ղ եք պնդել եւ հուսադրել ընդդիմությանը, որ Հայաստանի իշխանություններն Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին։

- Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին։

- Փաշինյա՞նն էլ։

- Որեւէ մեկը չի կարա հանձնի։

- Իսկ եթե հանձնեցի՞ն։ Ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեր վարչապետն Արցախը չի հանձնելու Ադրբեջանին, եւ Արցախի ժողովուրդն էլ չի դառնալու էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

- Խնդրում եմ դադարեցնենք։

- Կարծում եք՝ ձեր ֆրակցիայում բոլորը միակարծի՞ք են, համամի՞տ են այս քաղաքականության հետ ու վստահո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին բոլոր հարցերում։

- Իհարկե, մինչեւ էսօրվա օրը ես գիտեմ, որ մենք միասնական ենք։

- Եվ ինչ անում է, ճի՞շտ է անում կամ ճի՞շտ ուղով է տանում։

- Իհարկե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ