News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությանը բազմաթիվ սպառնալիքները գերազանցել են աշխարհի հարուստների մտավախությունները, ընդ որում՝ Դավոսի ամենամյա ֆորումի ժամանակ ոմանք համաշխարհային ռեցեսիայի վտանգի մասին են խոսել, հայտնում է Reuters-ը։

Քաղաքական եւ գործարար առաջնորդները, որոնք հավաքվել են Համաշխարհային տնտեսական ֆորումում (ՀՏՖ) հանդիպում են խոշոր տնտեսություններում, ներառյալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում, վերջին սերնդի ամենաբարձր մակարդակի ինֆլյացիայի պայմաններում:

Գների այս բարձրացումը կոտրել է սպառողների վստահությունը եւ ցնցել համաշխարհային ֆինանսական շուկաները՝ ստիպելով կենտրոնական բանկերին, ներառյալ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին, բարձրացնել տոկոսադրույքները:

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում պատերազմի հետեւանքները եւ COVID-19-ի հետ կապված կարանտինի անորոշ ավարտը խորացնում են մշուշը նավթի եւ պարենային շուկաներում: «Մենք ունենք առնվազն չորս ճգնաժամ, որոնք փոխկապակցված են: Մենք ունենք բարձր ինֆլյացիա, էներգետիկ ճգնաժամ, պարենային աղքատություն, կլիմայական ճգնաժամ։ Եվ մենք չենք կարողանա լուծել խնդիրները, եթե կենտրոնանանք ճգնաժամերից միայն մեկի վրա»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։

«Սակայն եթե խնդիրներից ոչ մեկը չլուծվի, ես մտավախություն ունեմ, որ մենք կբախվենք գլոբալ ռեցեսիայի, որը հսկայական ազդեցություն կունենա… գլոբալ կայունության վրա»,- ասել է Հաբեկը ֆորումում պանելային քննարկման ժամանակ:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) անցյալ ամիս այս տարի երկրորդ անգամ կրճատել է գլոբալ աճի իր կանխատեսումները՝ վկայակոչելով Ուկրաինայի պատերազմը եւ ինֆլյացիան համարելով «բացահայտ եւ ներկա վտանգ» շատ երկրների համար։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան, ելույթ ունենալով Դավոսում, ասել է, որ պատերազմը, ֆինանսական պայմանների խստացումը եւ գների բարձրացումը, մասնավորապես պարենային ապրանքների համար, ակնհայտորեն «մռայլ են դարձրել» հաջորդ ամսվա հեռանկարը, թեեւ ինքը դեռեւս ռեցեսիա չի սպասում:

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը զգուշացրել է, որ աճը եւ ինֆլյացիան հակառակ ուղղություններով են ընթանում, քանի որ գնային աճող ճնշումը թուլացնում է տնտեսական ակտիվությունը եւ խափանում տնային տնտեսությունների գնողունակությունը: «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը կարող է բեկումնային կետ լինել հիպերգլոբալիզացիայի համար»,- ասել է նա: «Սա կարող է հանգեցնել նրան, որ մատակարարման շղթաները որոշ ժամանակով կդառնան պակաս արդյունավետ եւ ավելի կայուն ճնշում կգործադրեն տնտեսության վրա անցումային շրջանի ընթացքում»,- հավելել է Լագարդը:

«Մենք գիտեինք, բոլորն առաջին իսկ օրվանից գիտեին, որ այս պատերազմը վատ տնտեսական նորություն է: Ավելի քիչ աճ եւ ավելի շատ գնաճ»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆրանսուա Վիլերու դե Գալոն: «Սա այն գինն է, որը մենք համաձայնել ենք վճարել մեր արժեքները պաշտպանելու համար…»,- նշել է նա:

Այն դեպքում, երբ ուկրաինական ճգնաժամի տնտեսական բեռը առավել սուր զգացվում է Եվրոպայում, ԱՄՆ-ի տնտեսությունն ամենաշատ գնային ճնշումն է զգում:

Սպառողական գների ինդեքսը մարտին աճել է մինչեւ վերջին 40 տարվա առավելագույնը՝ 8,5 տոկոս: Այս ամսվա սկզբին ԴՊՀ արձագանքել է վերջին 22 տարվա ընթացքում ամենամեծ տոկոսադրույքի բարձրացմանը, եւ նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է կես տոկոսային կետով նմանատիպ աճի մասին առնվազն հաջորդ երկու հանդիպումներում:

Հիմնական զարգացող շուկաները, ներառյալ Չինաստանը, դեռեւս աճ են ակնկալում այս տարի, թեեւ ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում ենթադրվում էր:

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի կողմից ստեղծված Նոր Զարգացման Բանկի նախագահ Մարկոս Տրոյոն ասել է, որ իր բանկը այս տարի դեռ ակնկալում է «կայուն աճ» Չինաստանում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ