News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ծառայողներին մայիս ամսվա ընթացքում 3,12 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Սույն թվականի մայիս ամսվա ընթացքում հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711.721,2 հազ. դրամ [711,7 մլն դրամ] և մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2.408.733,3 հազ. դրամ [2,4 մլրդ դրամ] գումարներով։ Արդյունքում, ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը` ներառյալ տարեսկզբից՝ ամսական և մայիս ամսին՝ միանվագ պարգևատրման գումարները, կազմել են 283 000 դրամ, զուտը` 218 100 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

Մայիսի 20-ին Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ։

«Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ»,- ասված է պարզաբանման մեջ։

Մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և անհնազանդության գործողություններ իրականացնող ընդդիմադիրները նշում են, որ ոստիկանները պարգևատրվում են ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Ոստիկանությունից, սակայն, նշում են, որ պարգևատրումները տրվում են «բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ