News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Թուրքիան սպառնացել է հերթական ներխուժմամբ Սիրիա, ինչպես դա եղավ 2019 թ. հոկտեմբերին եւ 2018 թ. հունվարին, ինչը քրդերի, եզդիների եւ այլ փոքրամասնությունների համատարած էթնիկական զտումների հանգեցրեց, գրում է Jpost-ը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան նոր ռազմական օպերացիա է ծրագրում։ Դա կարող է ժողովրդագրական փոփոխության հանգեցնել, քանի որ կառավարությունը խոստացել է սիրիացի փախստականներին, հիմնականում՝ արաբներին, «անվտանգության գոտի» վերադարձնել, որը ցանկանում է ստեղծել:

Նախկինում Անկարայի ներխուժումները քրդերի եւ այլ փոքրամասնությունների հալածանքների հանգեցրեցին եւ ստիպեցին նրանց փախնել, իսկ ծայրահեղական խմբավորումները գրավեցին Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքները:

Թուրքիայի ծայրահեղ աջ ռեժիմը, որը միավորում է արմատական ​​ազգայնականությունը եւ կրոնական ֆունդամենտալիզմը, խոստացել է «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի երկայնքով: Դա նման է այն «անվտանգության գոտուն», որը ստեղծվել էր 2019 թ. հոկտեմբերին, երբ ներխուժման պատճառով 200.000 մարդ փախավ Արեւելյան Սիրիա:

Այդ ժամանակ Անկարան սերտ հարաբերությունների մեջ էր Թրամփի վարչակազմի հետ եւ Սպիտակ տնից կանաչ լույս ստացավ՝ ներխուժելու եւ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի վրա հարձակվելու համար: Մի շարք զարմանալի իրադարձությունների ընթացքում Վաշինգտոնը դուռը բացեց «ՆԱՏՕ-ի իր դաշնակից» Թուրքիայի համար՝ այն նույն մարդկանց վրա հարձակվելու համար, որոնց Ամերիկան ​​պատրաստում էր ԻՊ-ի դեմ պայքարելու համար:
Սպիտակ տունը հայտարարեց, որ Թուրքիան պայքարելու է ԻՊ-ի դեմ, իսկ ԱՄՆ-ն դուրս կգա Սիրիայից։ Թրամփի վարչակազմն այնքան ուժեղ հակահարված ստացավ Կոնգրեսի եւ վարչակազմի անդամների կողմից, որ փոխեց կուրսը: Սակայն վնասը հասցվեց, սահմանամերձ շրջանն ավերվեց, իսկ առանցքային քաղաքացիական անձինք, ինչպիսին էր նաեւ երիտասարդ կին քաղաքական գործիչ Հեւրին Խալաֆը, սպանվեցին Թուրքիայի կողմից աջակցվող ծայրահեղականների կողմից:

Անկարան Սիրիայում այդ մարդկանց «ահաբեկիչներ» է կոչում՝ տերմին, որը նա օգտագործում է բոլոր նրանց համար, ով քննադատում է կամ դեմ է իշխող ԱԶԿ կուսակցությանը: Որպես կանոն, դրանք լրագրողներ են, կանայք եւ նույնասեռականների իրավունքների պաշտպաններ, երիտասարդներ, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ, արվեստագետներ, քրդեր, եզդիներ, քրիստոնյա փոքրամասնություններ եւ այլն:

Օրինակ՝ քրդաբնակ Աֆրինում, ուր Թուրքիան ներխուժեց 2018 թ. հունվարին, մոտ 160 հազար քուրդ վտարվեց իրենց տներից։ Ավերվեցին եզդիների տաճարները, գերեզմանոցները պղծվեցին, իսկ հետո տարածքն Անկարայի կողմից Սիրիա ուղարկված ծայրահեղականների հանգրվան դարձավ։ Ծայրահեղական խմբավորումները, որոնցից մի քանիսը կապված են նախկին սիրիական ապստամբ խմբավորումների հետ, առեւանգում են կանանց եւ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ մյուսների կողմից մեղադրվում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Այդ խմբավորումներից մեկն անգամ հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դա նշանակում է, որ Անկարան, որը հավակնում է «ՆԱՏՕ-ի դաշնակցի» դերին, աջակցում է ծայրահեղականներին ու ահաբեկիչների հետ կապված խմբավորումներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «կռվում է ահաբեկիչների դեմ»։

Այժմ, երբ Անկարայի իշխող կուսակցությանը հաջորդ տարի ընտրություններ են սպասվում, այն կարծես թե ճանապարհ է հարթում Սիրիայում էլ ավելի մեծ քաոսի համար:

Անկարայի նպատակն ԻՊ-ի վերահսկողությունից ազատված տարածքների ապակայունացումն է եւ սահմանները փոքրամասնություններից մաքրելը: Այս պատմական էթնիկ զտումները նման են  1915 թ. Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը եւ դրան հաջորդած ցեղասպանությանն ու քրիստոնեական համայնքների ջարդերին:

Անկարան դա արեց նաեւ Կիպրոսում, երբ 1970-ականներին ներխուժեց եւ վտարեց հույն փոքրամասնություններին իր հյուսիսային շրջաններից: 2018 եւ 2019 թթ. Աֆրինում, Սերե Կանիայում եւ այլ սահմանամերձ այլ շրջաններում էթնիկ զտումները փոխեցին բնակավայրերի պատմական մոդելեները՝ տեղահանելով բնիկ փոքրամասնություններին: Դա նման է նրան, ինչ տեղի ունեցավ Բալկաններում 1990-ականներին, միայն թե Անկարան օգտագործեց իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ հայտարարելու համար, որ իրեն «անվտանգություն» է պետք:

Թուրքիան նաեւ աջակցում է ծայրահեղական խմբավորումներին, որոնք հաճախակի գնդակոծում են Թել Թամրը եւ արեւելյան Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունների շրջանները: Նա նաեւ ռմբակոծություններ է իրականացնում Իրաքի Սինջարում, որտեղ ցեղասպանությունը վերապրած եզդիներ են ապրում: Անկարան ռմբակոծել է նաեւ Հյուսիսային Իրաքի քրիստոնեական գյուղերը՝ պնդելով, որ «կռվում է ահաբեկիչների դեմ»։

«Ահաբեկչության դեմ պատերազմը» միշտ ուղղված է Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների դեմ:

Նոր ներխուժման վտանգ է առաջացել, քանի որ Թուրքիան փորձում է կանխել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Անկարայի ավտորիտար ռեժիմն այժմ սպառնում է այս երկու ժողովրդավարական երկրներին, եւ նրանք պետք է վտարեն այլախոհներին եւ խոնարհվեն նրա պահանջների առաջ, հակառակ դեպքում չեն կարողանա միանալ արեւմտյան դաշինքին:

Իրադարձությունների այս տարօրինակ շրջադարձը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այժմ պտտվում է այն ամենի շուրջ, ինչ ցանկանում է Թուրքիան: ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքը ներգրավված է եղել Սիրիայում Անկարայի ներխուժումների եւ չարաշահումների մեջ:

«Մոտ ապագայում մենք նոր քայլեր կձեռնարկենք մեր հարավային սահմանի երկայնքով 30 կմ անվտանգ գոտում սկսված նախագծի անավարտ հատվածների մասով»,- այս շաբաթ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Անկարայի սպառնալիքները հնչեցին այն բանից հետո, երբ Թուրքիան քննադատեց Հունաստանի վարչապետին, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ին՝ արեւելյան Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմացնելու համար: Ակնհայտ է, որ վարչակարգն այժմ Հունաստանի հետ հաշտվելու իր քաղաքականությունը փոխարինում է նոր սպառնալիքներ առաջ քաշելու քաղաքականությամբ:

2019 եւ 2020 թթ. Անկարան նույնպես սպառնում էր Աթենքին։ Այդ քաղաքականությունը շարունակվեց մինչեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրությունը, որից հետո կուրսը փոխվեց։ Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը Վաշինգտոնում լոբբիստներունի, այդ թվում այնպիսիք, ովքեր ազդեցություն ունեն կարեւոր անալիտիկ կենտրոններում, որոնք փորձում էին ազդել Թրամփի վարչակազմի վրա:

Այդ օրերին Անկարայի լոբբին պնդում էր, որ Թուրքիան դաշնակից էր Ռուսաստանի եւ Իրանի դեմ, նույնիսկ չնայած նրան, որ Թուրքիան գնել է ռուսական «Ս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգը եւ աշխատել Իրանի հետ։ Թուրքիան այժմ ուշադրության կենտրոնում է ուկրաինական ճգնաժամի պատճառով, քանի որ կարծես թե աշխատում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի հետ: Թուրքիան անօդաչուներ վաճառեց Ուկրաինային, բայց «Ս-400»-ներ է գնում: Նա նաեւ ցանկանում է ավելի շատ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ գնել, բայց վրդովված է, որ որոշ երկրներ պատժամիջոցներ են սահմանել իր նկատմամբ Սիրիայում խախտումների համար:

2021 թ. Անկարան գնաց հաշտեցման սկզբում Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի, իսկ ավելի ուշ Իսրայելի հետ՝ հույս ունենալով այդ նոր քաղաքականությամբ նոր ընկերներ ձեռք բերել Վաշինգտոնում: Օրինակ՝ ռեժիմը մոբիլիզացրեց ԱՄՆ-ում իր դեսպանատունը՝ իսրայելամետ ձայների հետ աշխատելու համար, եւ հույս ունի, որ, Իսրայելի հետ աշխատելով, կկարողանա նոր հաջողությունների հասնել:

Այդ նպատակով Անկարան այս տարի այցով հրավիրեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին եւ աշխատում է հրեական պետության հետ, այդ թվում նաեւ այս շաբաթ Իսրայել ուղարկեց իր արտաքին գործերի նախարարին:

Հարցը մնում է՝ արդյո՞ք Անկարան կփորձի փոխանակել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պաշտպանական դաշինքի հերթական քարտ-բլանշի հետ՝ իր «անվտանգության» դիմաց, ինչը նոր ներխուժում է նշանակում: Անկարան հակված է հայտարարելու, որ իր «անվտանգության» համար պետք է ներխուժի այլ երկրներ եւ ստիպի մարդկանց փախնել։ Ռուսաստանը նույն պատրվակն օգտագործեց Ուկրաինա ներխուժման համար։

Պարզ չէ՝ արդյո՞ք Բայդենի վարչակազմը կդիմանա Թուրքիայի սպառնալիքներին։ Անկարան անցյալ տարի եւս նոր ներխուժում էր խոստացել, բայց, կարծես թե, հանձնվեց:

Թուրքիան հրաժարվեց խոստացված ներխուժումից 2021 թ. նոյեմբերին։ Արդյո՞ք նա կրկին հետ կկանգնի: Պարզ չէ, բայց Անկարան խոստացել է արտաքսել միլիոնավոր սիրիացի փախստականների եւ կարծում է, որ կարող է հասնել միանգամից երկու նպատակի. հեռացնել սիրիացի փախստականներին եւ ոչնչացնել Սիրիայի քրդերի կողմից վերահսկվող տարածքները՝ շարունակելով պոպուլիզմը տանը եւ վնաս հասցնելով հակառակորդներին արտասահմանում:

Թուրքիան կարող է նաև փորձել վնասել ամերիկյան նոր նախաձեռնություններին Սիրիայի արեւելքում եւ միեւնույն ժամանակ օգտագործել դա ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկելու համար։ Պարզ չէ՝ արդյո՞ք Անկարան իրականում կարող է անել այդ ամենը, բայց հավանաբար կփորձի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողով անցկացնել
Մենք մեր լիակատար պատրաստակամությունն ենք հայտնում մոտ ապագայում անցկացնելու․․․
Սիրիայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է այն շրջան, որտեղ հայերը պայթուցիկների մաքրման ծրագիր են իրականացնում
Ռուսաստանի Դաշնությունը ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է...
Ռուսաստանը փորձում է համոզել Թուրքիային հրաժարվել հատուկ օպերացիայից Սիրիայում
ՌԴ ԱԳՆ-ն հարցի քաղաքական եւ դիվանագիտական ​​լուծում է ակնկալում...
Թուրքիայի բանակը լիովին պատրաստ է ռազմական գործողությանը Սիրիայում. TGRT
Թուրքական բանակը պատրաստ է սկսելու ռազմական գործողությունը Սիրիայում...
Արժե, որ Անկարան ձեռնպահ մնա Սիրիայում նոր գործողություն սկսելուց. Մոսկվա
Նոր գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել ռազմական նոր դիմակայության...
Ռուսաստանն Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին անընդունելի է համարում
«Իհարկե, կքննարկենք Իսրայելի կողմից սիրիական տարածքի հաճախակիացած գնդակոծման հարցը...
Ֆոտոռեպորտաժներ