News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների պլանին՝ ընդգծելով, որ տնտեսության «կանաչ վերականգնումը» խրախուսելու նպատակով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։ «Այս տեսանկյունից Կառավարության առաջնահերթություններից է նաև կանաչ և կայուն կենսակերպի  խթանումը և անցումը էլեկտրական շարժունակությանը»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իր ձևաչափով և ներառականությամբ լավագույն օրինակներից է։  

Հանդիպմանը հաջորդել է Խորհրդի նիստը։

Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ և բավականաչափ ներուժ՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու և այդ համալիր ծրագրի բոլոր ուղղություններով տեսանելի ապագայում լուրջ արդյունքներ արձանագրելու համար։

Փոխվարչապետի, դեսպան Դեյվիդ Մորանի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքերին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։ Մասնավորապես ներկայացվել են Կոնվենցիայի ներքո միջազգային աջակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը, Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ «Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» հետազոտության արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև ֆիսկալ որոշումների կայացման գործընթացում կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ինտեգրմանը։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին Կառավարությունը հաստատել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ․ համար՝ սահմանելով մի շարք հավակնոտ թիրախներ, որոնց իրականացման համար կարևոր դերակատարում ունի այդ գործողությունները համակարգող միջգերատեսչական խորհուրդը: Դրանց շարքում են՝ մինչև 2030թ-ը 1990թ-ի նկատմամբ ջերմոցային գազերի արտանետումների 40%-ով նվազեցումը, Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումը, զանգվածային անտառապատումը և այլն: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման քաղաքականություն։ Այս նպատակով Կառավարությունը 2021թ․-ի մայիսին հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025թթ․ միջոցառումների ցանկը, որոնք միտված են բացահայտելու, լուծելու ու վերանայելու հարմարվողականության փոփոխվող կարիքները՝ նպաստելով հարմարվողականության բաղադրիչի ներառմանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականությունների մշակման և ֆինանսական պլանավորման գործընթացներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ