
Երեւանում բողոքի ակցիաների նպատակը քաղաքացիների եւ ամբողջ հասարակության համար հնարավորինս շատ անհարմարություններ ստեղծելն է։ Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրավիճակը, նրա խոսքով, դադարել է քաղաքական լինելուց։ «Այն ավելի շատ լոգիստիկ է... Ընդդիմությունն ուներ մի ամբողջ ամիս իր ուղերձները բոլոր միջոցներով ու մեխանիզմներով հանրությանը հասցնելու համար։ Ընդհանրապես, այսպիսի ակցիաների նպատակը հասարակությանը գործընթացի մեջ ներգրավելն ու քաղաքական պահանջի ձեւավորումն է։ Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ»,- ասաց կառավարության ղեկավարը։
Իսկ այժմ, ինչպես նշեց վարչապետը, գործընթացներն ընթանում են ոչ թե իշխանությունների, այլ հասարակության դեմ:
«Ընդդիմության մտադրությունն այն էր, որ եթե մարդիկ չմիանան, ապա այն ավելի շատ անհարմարություններ կստեղծի հասարակության համար, եւ ավելի շատ խցանումներ մայրաքաղաքում»,- կարծում է կառավարության ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները կարծես թե վրեժ են լուծում քաղաքացիներից՝ իրենց միանալուց հրաժարվելու, ինչպես նաեւ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար։ Բացի այդ, նա համոզված է, որ հակառակորդները նման պահվածքով գցում են սեփական վարկանիշը։
«Եւ այս իմաստով նրանց խանգարել պետք չէ»,- հայտարարեց վարչապետը։