News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովրդի օրակարգն է, այսօր օրակարգը այս հրապարակում է, ժողովուրդը մանդատ է տվել իր շահերը սպասարկելու, իր իրավունքները պաշտպանելու համար, այս մասին Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Բայց այս օրերին շատ է խոսվում, որ չկա քաղաքական օրակարգ։ Երկրորդը՝ փորձում են անընդհատ շեղել և կրկին մոլորեցնել մեր հասարակությանը՝ ասելով, որ ընդդիմությունը Արցախի համար դուրս չի եկել փողոց, դա ընդամենը իշխանության համար պայքար է։ Ելնելով այս իրավիճակից՝ մեկ անգամ ևս սրանց դեմքը վերջնականպես պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես էլ եկել նախաձեռնությամբ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ պահանջ են դրել, որ խորհրդարանը հանդես գա հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությունով։ Ըստ նրա՝ այն, ինչ կա այդ հայտարարությունում, մերժելի է այս իշխանությունների կողմից։ «Այդ հայտարարության նախաձեռնությունը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, որոնք դեռ կասկածում են, որ սրանք դավաճան են և երկիրն ուզում են տանել նոր կապիտուլյացիայի։ Դրա համար մենք պահանջել ենք ԱԺ արտահերթ նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք այդ նիստին և ստորագրեք այդ հայտարարության տակ»,– նշեց նա։

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն ընթերցեց հայտարարության տեքստը։

«Հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կապակցության ՀՀ ԱԺ հայտարարությունը

Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները

Հայտարարում ենք

1.           Հայաստանի Հանրապետությունը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2.           Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3.           Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

4.           Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։

5.           Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը։

6.           Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7.           Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ