News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր կազմակերպությունների օրակարգ, ինչպես նաև փաստել է, որ ԵԱՏՄ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր է կատարում։

«Երիտասարդների նոր գաղափարները, եռանդն ու յուրօրինակ մոտեցումները, անշուշտ, մեծ նշանակություն ունեն համագործակցության և ինտեգրացիոն նախագծերի հետագա զարգացման համար։ Տնտեսական զարգացումը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականի ռազմավարության առանցքային ուղղություն, ներառում է նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակման գաղափարը, որին ակտիվորեն կարող են ներգրավվել երիտասարդները։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երիտասարդական քաղաքականության ոլորտի համագործակցության ամրապնդումը կարող է դառնալ տարածաշրջանային ինտեգրման կարևոր և անբաժանելի մասը»,- նշել է նա։

Ա․ Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ երիտասարդների համար բիզնես հմտությունների (հատկապես միջին և փոքր բիզնեսի) զարգացմանը միտված նոր հնարավորությունների և պայմանների ընդլայնումը կհանգեցնի ԵԱՏՄ երկրների տնտեսության բարելավմանը և խթանմանը։

Երիտասարդությունը՝ որպես սոցիալական խումբ, ամենուր ունի ընդհանրական խնդիրներ, որոնց համար, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, կարող են մշակվել ընդհանրական լուծումներ ԵԱՏՄ համագործակցության շրջանակում։

Այս տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում երիտասարդական քաղաքականության միտվածությունը` երիտասարդների ներուժի իրացման, մարդկային կապիտալի զարգացման, կրթության, միասնական աշխատաշուկայում ինտեգրվելու և բազմաթիվ այլ հարցերի ուղղությամբ։

«Պետք է մեծ ջանքեր գործադրվեն և ներդրումներ արվեն կրթության, գիտության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երիտասարդության համար գրավիչ այլ ոլորտներում»,- ընդգծել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության փորձի հիման վրա ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման համար նա ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ոչ ֆորմալ ուսուցմամբ կրթության մատչելիության ընդլայնմանը, նորարարությունն ու ստեղծարարությունը խրախուսող հեղինակավոր մրցույթների կազմակերպմանը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացմանը (օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներ)։

Փոխնախարարի առաջարկներում կարևորվել են նաև գիտելիքը և միջմշակութային երկխոսությանը նպաստող ֆորումների, փառատոների և այլ միջոցառումների անցկացումը։

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսությունն առաջնային է երիտասարդության քաղաքականության մշակման տեսանկյունից։

Տպել
Ամենաշատ