Մենք երեկ հստակ հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ իշխանություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մեր մոտեցումները հնչեցրել ենք, եւ գիտեք, որ հրավիրել ենք ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկելով, որ այդ հայտարարության տեքստն ընդունվի խորհրդարանի կողմից: Դրանով նաեւ ուզում ենք վերջնականապես փակենք այն խոսակցությունները, որ իրենք ամեն անգամ երկիրը տանում են նոր դավադրության եւ փորձում են հասարակությանը մոլորեցնել, որ նման բան չկա: ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժան է: Ջրբաժան է նաեւ նրանց համար, որոնք գոնե մի նշույլ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը փորձւմ է երկիրը տանել նոր զիջումների»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ չի կարող տեղի ունենալ սահմանազատման ու սահմանագծման աշխատանք, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. «Չի կարելի եւ անթույլատրելի է խոսել, Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության մասին՝ մոռանալով կարգավիճակը»: