ԱՄՆ-ն Չինաստանին համարում է լուրջ եւ երկարաժամկետ սպառնալիք համաշխարհային կարգի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը 21-րդ դարի տնտեսական եւ ռազմական հավասարակշռությունը որոշելու մրցավազքում Պեկինի հետ մրցելու եռակողմ մոտեցում է ներկայացրել:
Նրա խոսքով՝ մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի պատերազմը դիտարկում է որպես միջազգային կայունության համար ամենասուր եւ անմիջական սպառնալիքը, ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Չինաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում։
«Նույնիսկ քանի դեռ նախագահ Պուտինի պատերազմը շարունակվում է, մենք կշարունակենք կենտրոնացած մնալ միջազգային կարգի ամենամեծ երկարաժամկետ մարտահրավերի վրա, դա Չինաստանն է»,-ասել է նա։
Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «չի փնտրում հակամարտություն կամ նոր սառը պատերազմ»։ «Ընդհակառակը, մենք վճռական ենք՝ այդ երկուսից խուսափելու հարցում․․․Մենք չենք ձգտում խանգարել Չինաստանին դառնալ գերտերություն, բայց մենք կպաշտպանենք եւ կամրապնդենք միջազգային իրավունքը, համաձայնագրերը, սկզբունքները»,-հավելել է նա։