News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ–ի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում. նրանք իրենց բողոքն են հայտնում մայիսի 8-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորների կողմից պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեմ:

Այստեղ է նաեւ ինքը՝ Արայիկ Մուրադյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է եղել դեպքը. «Մայիսի 17-ին Պուշկինի փողոցով երկու տղաներիս հետ քայլում էի, տեսա, որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկեր փոխգնդապետ Առաքելյանն է, որը զոհվածի ծնող է: Նրան բերման էին ենթարկում: Խնդրեցի իջեցնել նրան մեքենայից՝ ասելով, որ զոհվածի ծնող է եւ գնդապետ: Ինձ ասացին՝ «գնա ստեղից, արա»: Ես էլ պատասխանեց, որ «արա» չի, դիմացդ գնդապետ է կանգնած: Հետո ասացին՝ սրան տարեք: Ես ասացի՝ նորմալ խոսեք, սկսեցին խփել, մեշոկի պես շպրտեցին մեքենայի մեջ: Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, մարմնական վնասվածքներ ստացա: 10 հոգով թափվել էին ինձ վրա: Զինակից ընկերս այդ պահին ասում էր, որ գնդապետ է, վիրավորված մարդ է, մի խփեք, իրենք կարծես ավելի էին ոգեւորվում ու խփում էին:

 Էդպես տարան բաժին, մի քանի ժամից բաց թողեցին»:

Արայիկ Մուրադյանը հիշեցրեց, որ դրանից հետո պահեստազորի  գեներալներով ու գնդապետներով իրենք հայտարարություն են տարածել, պահանջել են, որ քրեական գործ հարուցվի, իսկ մինչ այդ միջադեպին մասնակից ոստիկանների՝ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի գլխավորությամբ, պաշտոնավարումը կասեցվի. «Մինչեւ հիմա ոչ մի քննություն չի եղել: Այսօր նոր քիչ առաջ լսելով, որ մենք ուզում ենք հայտարարություն անել ԱԱԾ-ին եւ գլխավոր դատախազություն, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ինձ հրավիրել են: Ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել: Ես էլ ասացի, որ փաստաբանիս հետ կխորհրդակցեմ, կորոշենք ինչ անել: Բայց մենք պահանջել էինք, որ դադարեցվեն այդ միջադեպին առնչություն ունեցած ոստիկանների պաշտոնավարումը եւ քրգործ հարուցվի, ինչը չի արվել»,-ասաց գնդապետ Մուրադյանը:

Ավելի վաղ այս միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաների» շարժումը, «ԱԱԾ» պահեստազորի սպաների միությունը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն եւ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ն:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։

Ցավով, պետք է արձանագրել, որ օրենքի և քաղաքացու իրավունքների պաշտպան կոչված ոստիկանության ծառայողները այս օրերին առաջինն իրենք են խախտում իրավական, բարոյական և մարդկային բոլոր գրված ու չգրված նորմերն ու օրենքները։ Առանձնահատուկ ջանասիրությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ֆիզիկական ուժ կիրառելով և հարվածներ հասցնելով նաև տարեցներին, կանանց, աղջիկներին և պատանիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին։

Վերոնշյալ դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից պահանջում ենք կատարել հետևյալ քայլերը․

1․ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումների հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ 2022 թ․ մայիսի 17-ին Երևան քաղաքում պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի մի խումբ ծառայողների կողմից կիրառված բռնության, ծեծի, ֆիզիկական հաշվեհարդարի, մարդկային և սպայական արժանապատվությունը վիրավորելու փաստի առթիվ և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և հանցանք կատարած ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ։

2․ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից՝ անմիջապես կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ