
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հյուսիս-արեւելքում գտնվող Իտուրի նահանգում մարդկանց զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որոնց մի մասը գլխատված է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանությունները:
Գերեզմանը հայտնաբերվել է մայիսի 26-ին բանակային պարեկի կողմից Իրումու շրջանի Իտուրի գետի ափին, նշում է AFP-ն։ Գերեզմանում 17 դի կար։ Դրանցից որոշները գլխատված էին։ Վալես-Վոնկուտու գյուղի համայնքի ներկայացուցիչ Դիեդոն Մալանգայի խոսքով՝ դրանք քաղաքացիական անձիք էին, որոնք պատանդ էին վերցվել «Ժողովրդավարական ուժերի դաշինք» (ԴՈւԴ) խմբավորման զինյալների կողմից:
Նահանգի իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։ Իտուրի նահանգում 2021-ի մայիսից պաշարման դրություն է գործում, որը սահմանել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Ցիսեկեդին։ Պետության ղեկավարի որոշմամբ՝ Իտուրիում քաղաքացիական վարչակազմը փոխարինվել է ռազմականով։ Այդպիսի ռեժիմ է գործում նաեւ հարեւան Հյուսիսային Կիվու նահանգում։ Երկու շրջաններում էլ լրացուցիչ ռազմական ուժեր են տեղակայվել։
ԴՈւԴ-ն ստեղծվել է 1995 թ. արեւմտյան Ուգանդայում մահմեդական աղանդի հիման վրա՝ որպես իսլամիստական խմբավորում, որը ընդդիմադիր էր երկրի կառավարությանը: 2003 թ. Ուգանդայի զինված ուժերի հարձակումների ներքո ԴՈւԴ ստորաբաժանումները ապաստան գտան հանրապետության արեւելյան շրջաններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում ԴԺՀ-ի զինյալները ԿԺԴՀ-ի արեւելքում ավելի քան 1300 խաղաղ բնակիչների են սպանել: Կոնգոյի անվտանգության ուժերը նշում են, որ խմբավորման առաջնորդները կապեր են հաստատել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ սոմալիական «Ալ-Շաբաբ»-ի հետ։ ԱՄՆ-ն ԴՈւԴ-ը ներառել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։