News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին։ Այդ կապակցությամբ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան.

. Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա եւ ապագա կարգավիճակի վրա։

. Ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ դա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի եւ ձեւակերպումների որոշակի տարբերություններից։

. Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը եւ հստակեցնել Արցախի կարգավիճակը, կարող է սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց իրականացնել նաեւ Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով մեր օկուպացված տարածքները եւ ճանաչելով մեր անկախությունը։ Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու ճանաչումն է։

. Սակայն միայն այս փորձությունն անցնելուց հետո միջազգային հանրությունը կապացուցի, որ, հակառակ Ալիեւի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի:

Միջազգային իրավունքի մեկ այլ կարեւոր սկզբունք ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքն է, որը եւս կոպտորեն խախտվել եւ անտեսվել է Ադրբեջանի կողմից։ Ավելին, Ալիեւն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար հստակ ազդանշան է՝ կանխարգելիչ եւ պատժամիջոցային քայլեր ձեռնարկելու համար։ Շեղված վարքագծի խրախուսումն ու անտեսումն աստիճանաբար միջազգային աղետների է հանգեցնում՝ դառնալով միջազգային պրակտիկա եւ սովորական իրավունքի մաս՝ իրավական սովորույթի օրինակ»,- գրել է Արտակ Բեգլարյանը Telegram-ում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ