News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ճապոնական կարմիր բանակ» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Ֆուսակո Սիգենոբուն, շաբաթ օրը ազատ է արձակվել բանտից 20 տարվա պատիժը կրելուց հետո, հայտնում է AP-ն։

Նշվում է, որ Շիգենոբուն ներողություն է խնդրել՝ անմեղ մարդկանց վնաս պատճառելու համար։

«Ես ցավ եմ պատճառել անմեղ մարդկանց, ում չէի ճանաչում՝ մեր պայքարն առաջին տեղում դնելով: Թեեւ դա այլ ժամանակներ էին, ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւ խորապես ներողություն խնդրել»,- լրագրողներին ասել է Սիգենոբուն:

Սիգենոբուն դատապարտվել էր 1974 թ. Հաագայում Ֆրանսիայի դեսպանատան պաշարումը կազմակերպելու համար։ Նա ձերբակալվել էր 2000 թ. Ճապոնիայի կենտրոնական Օսակայում, որտեղ թաքնվում էր:

1971 թ. ձեւավորված «Ճապոնական կարմիր բանակը» ստանձնել է մի քանի հարձակումների պատասխանատվությունը, այդ թվում՝ 1975 թ. Կուալա Լումպուրում ԱՄՆ հյուպատոսության գրավումը։

Ենթադրվում է, որ խմբավորումը կանգնած է նաեւ 1972 թ. Թել Ավիվի մերձակայքում գտնվող միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետեւում, որի հետեւանքով 28 մարդ էր զոհվել, այդ թվում՝ երկու ահաբեկիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Սիգենոբուն հարձակումների ժամանակ անձամբ ներկա չի եղել։ Ձերբակալությունից մեկ տարի անց նա հայտարարել էր խմբի լուծարման մասին։ Ճապոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ կալանավորման ընթացքում Սիգենոբուն քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել:

Իսրայելի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ վիրավորված եւ ձերբակալված Կոզո Օկամոտոն ազատ էր արձակվել 1985 թ. իսրայելական եւ պաղեստինյան ուժերի միջեւ գերիների փոխանակման արդյունքում։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա գտնվում է Լիբանանում։ Օկամոտոն եւ խմբի մի քանի այլ անդամներ դեռ հետախուզման մեջ են Ճապոնիայի իշխանությունների կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ