News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական օպերացիայից» հետո այս երկրների, ինչպես նաեւ Բելառուսի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ժամանեցին Հայաստան։ Այցելուների ճնշող մեծամասնությունը ռուսաստանցիներ էին։ Այս կապակցությամբ մեր հանրության շրջանում սկսեցին լուրեր տարածվել  ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում բնակարանների զանգվածային գնման մասին։ Արդյոք սա համապատասխանում է իրականությանը։

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է եռամսյակային միգրացիայի տվյալները։ Այս տարվա հունվար-մարտին Հայաստան է մուտք գործել Ռուսաստանի գրեթե 109 հազար քաղաքացի։ Դա 3,6 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բայց, հաշվի առնենք, որ ռուսաստանցիներից շատերը մեր երկիր են եկել տարանցման նպատակով։ Պատկերավոր ասած՝ Հայաստանը նրանց համար ցատկահարթակ դարձավ՝ այլ երկրներ տեղափոխվելու համար։  

Այս տարվա հունվար-մարտին ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքերը կազմել են գրեթե 127 հազար փաստ՝ մուտքի ժամանակ, 123 հազարից պակաս փաստ՝ ելքի ժամանակ։ Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, չնչին է։ Իհարկե, նույն մարդը կարող է մի քանի անգամ հատել սահմանը (արդյունքում կրկնակի, եռակի եւ այլն)։

Բայց, դատելով այս տվյալներից, ռուսաստանցիների հիմնական մասը մեր երկրում երկար չմնաց։ Այսպիսով, հունվար-մարտ ամիսների արդյունքներով կարելի է որոշել Հայաստանում քիչ թե շատ երկար ժամանակով հաստատված ՌԴ քաղաքացիների թիվը՝ մի քանի հազար մարդ։ Մեր երկրում բնակարան ձեռք բերե՞լ են։ Նախ, նշենք, որ օտարերկրյա քաղաքացիները հիմնականում նախընտրում են Հայաստանում բնակարաններ գնել, այլ ոչ թե առանձնատներ։

Եթե ​​ժամանած ռուսաստանցիները զանգվածաբար բնակարան գնեին Հայաստանում, ապա բնակարանների շուկայում իսկական բում կառաջանար։ Սակայն պաշտոնական տվյալները հերքում են այս ենթադրությունը։ Ստորեւ ներկայացված գրաֆիկում ներկայացված է օտարերկրացիների (այդ թվում՝ ռուսաստանցիների) կողմից Հայաստանում գնված բնակարանների ընդհանուր թիվը՝ ըստ 2021-2022 թվականների ամիսների։ 

Ինչպես տեսնում ենք, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ռուսաստանցիների շարքում էական տեղաշարժեր չեն եղել։ Այսինքն՝ բացառվում է Ռուսաստանից այցելուների կողմից բնակարանների զանգվածային գնման տարբերակը։ Գոնե ապրիլի համար։ Հայաստանում մնացած ռուսաստանիցները նախընտրում են բնակարաններ վարձակալել ժամանակավոր բնակության համար։ Նրանցից շատերը, հասկանալի պատճառներով, հենց դրա համար են ընտրում մայրաքաղաքը։ Այնուամենայնիվ, պաշտոնական թվերը զարմանալիորեն չեն արտացոլում այս գործընթացը (տես գրաֆիկը):    

Խնդիրը, ինչպես կարելի է ենթադրել, հսկայական «ստվերն» է բնակարանների վարձակալության ոլորտում։ Պարզ ասած՝ բնակարանների (նաեւ սեփական տների) շատ սեփականատերեր դրանք վարձակալում են առանց պետական ​​գրանցման։ Այս դեպքում պետությունը կորցնում է հարկերը՝ վարձակալության գումարի 10 տոկոսի չափով։

Ամփոփելով՝ նշենք, որ այս տարվա ապրիլին Երեւանում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 1052 գործարք, ինչը 175 բնակարանով (կամ 20 տոկոսով) գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Շուկայական գները 1քմ տարածքի համար, պաշտոնական տարբերակով, մեկ ամսվա ընթացքում աճել են 1,2 տոկոսից (Նոր Նորքում)՝ մինչեւ 2,3 տոկոս (Աջափնյակում): «Քառակուսի» բնակարանի բացարձակ թանկացման ռեկորդը սահմանվել է Կենտրոնի էլիտար թաղամասում (տես ստորեւ ներկայացված աղյուսակը)։ 

Հավելենք, որ վերջին ամիսներին հայկական դրամն անշեղորեն ամրապնդվում է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ։ Ապրիլին՝ մարտի համեմատ, Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է գրեթե 26 դրամով կամ 5,2 տոկոսով։ Դա հանգեցրել է այս արժույթով անշարժ գույքի (այդ թվում՝ բնակարանների) գնի հարաբերական աճին։  

Տիգրան Վարդանյան  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ