
Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց. Ոստիկանները ուժ կիրառելով փորձում էին թույլ չտալ ցուցարարներին մուտք գործել շենք: Այդ ընթացքում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ: Մասնավորախպես, ոստիկաններից մեկը հետեւից կողմից ձեռքով սեղմում էր պատգամավորի պարանոցը՝ խեղդելով նրան:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք եւ հանդիպել նախարարների հետ: Ոստիկանները թույլ չտվեցին նրանց շենք մտնել, ինչից հետո իրավիճակը լարվեց, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: