News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Ես չեմ ասել, որ եթե չհասնեմ գործող իշխանությունների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու. ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլեւս։ Այս մասին մասին «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Չեմ վերադառնալու, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը։ Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր կարող էին չլինեին, բայց եղան, որովհետեւ ինքը այդպես էր որոշել»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Նա  անդրադարձել է նաեւ պայքարի ընթացքին՝ նշելով, որ շարժումը չի ձախողվել.

«Ոչ մի դեպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետեւ շարժումը իրոք ունի արդյունքներ։ Ուղղակի, հավատացեք, մի քիչ պետք են նյարդեր։ Կամք ու ժամանակ է հարկավոր»։

Արթուր Վանեցյանը հերքեց այն լուրերը, թե ինքը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին փորձել է համոզել, որ նրանք հրապարակավ հայտարարեն ու հեռանան պայքարից։

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ այլեւս բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, եւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունները եւ գործիչները այսօր ակտիվ գործունեություն են ծավալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտոն, թե՞ ոչ։ Նման խոսակցություններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել», - ասաց նա։

Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ ու գիտելիքներ, բոլորի ցանկությունն է, որ պայքարը հաջողության հասնի.

«Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ։ Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաեւ, իհարկե, որոշակի թերություններ, սակայն նախկին նախագահներն ամեն դեպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցությամբ փորձում են ամեն ինչ անել,որ այս շարժումը հասնի հաջողության»։

Վանեցյանը պատմեց, որ իր՝ մանդատը վայր դնելու որոշման մասին խոսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Տեղեկացրել եմ իմ որոշման մասին, մենք զրուցել ենք։ Սերժ Սարգսյանն իր կարծիքն է ունեցել, բայց ամեն դեպքում հարգել է նաեւ իմ որոշումը։ Խոսել եմ ՀՀԿ-ի իմ գործընկերների հետ, նաեւ խմբակցության պատգամավորների հետ, «Հայաստան» դաշինքում ներգրավված կուսակցությունների ղեկավարների՝ Վահե Հակոբյանի եւ Իշխան Սաղաթելյանի, Սեյրան Օհանյանի հետ, նրանք հարգանքով են մոտեցել իմ որոշմանը»։

Հարցին՝ արդյոք չե՞ն համոզել մանդատը վայր չդնելու համար, Վանեցյանն ասաց. «Եղել են տարբեր կարծիքներ»։

Հիշեցնենք, որ հունիսի21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք՝ երկրին ու պետականությանը ծառայելու համար. գործիք, որն այսօր այլեւս իր համար կիրառելի չէ։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ