News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար եւ շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերը փաստել են, որ երեք տասնամյակի ընթացքում մեր երկրների միջեւ հաստատվել է փոխշահավետ, հուսալի համագործակցություն՝ հիմնված պատմական կապերի եւ ընդհանուր արժեքների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը նպաստող ձեռնարկումներին: «Ես վստահ եմ, որ պատգամավորների միջեւ ամուր կապերն ու շփումները, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դերակատարություն ունեն հայ-ավստրիական երկկողմ օրակարգի առաջմղման գործում»,- հավաստել է նա:

Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիա-Հայաստան առանձին բարեկամության խումբ ունենալու պարագայում առավել կամրանան միջխորհրդարանական կապերն ու հասցեականությունը:

Քննարկման առանցքում են եղել ԵՄ-ի, եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները, ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Վոլֆգանգ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ ժողովրդավարությունը պարգեւ չէ, այն ամենօրյա աշխատանքի արդյունք է: Նրա խոսքով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է պահպանել, ինչը նաեւ խորհրդարանների գործունեության առաջնահերթությունն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին հաջորդող իրավիճակին: Գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու առաջնային լուծումներ պահանջող խնդիրները:

Այս համատեքստում նա բարձր է գնահատել այս տարվա մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւը, որը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից նման բանաձեւի ընդունմանը, որը վերաբերելու է զուտ մարդասիրական հարցերին, ինչպիսիք են 4 տասնյակից ավելի հայ ռազմագերիների եւ այլ կալանավորվածների ազատագրումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ այլն: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ