News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարությանը, թե պատերազմից հետո Ալիևը իր մեջ ունեցավ խիզախություն և Հայաստանին առաջարկեց կնքել խաղաղության և հաշտության պայմանագիր և բացել կոմունիկացիաները։

Սաղաթելյանը նշեց, թե սրանք այն տեքստերն են, որոնք վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին։ «Այս հրապարակից ի պատասխան Ադրբեջանից հնչեցված հայտարարության՝ մենք հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը, խաղաղության հասնելու ձգտումը դա խաղաղության օրակարգ չէ, դա Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է»,– ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի որդեգրած սկզբունքները, առաջարկները չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին, եթե դրանք չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 

«Առանց այդ իրավունքի հռչակման, առանց Արցախի անկախ կարգավիճակի ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունության, Արցախում հայաթափման և ցեղասպանության։ Դա Ալիևի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլը։ Դա Ալիևի օրակարգն է, որը միջազգային հանրությանը ներկայացնում է իբրև խաղաղության օրակարգ և խաղաղության այդ կետի տակ փորձում են տանել Արցախի էթնիկ զտման, հայաթափման։ Եվ այդ օրակարգը փորձում է սպասարկել նաև Նիկոլը։ Ուստի հայտարարում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ»,– հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Բերձորի խնդրին, որտեղ կան բազմաթիվ մտահոգություններ։ Նա նշեց, որ կառուցվող այլընտրանքային նոր ճանապարհի գործարկման դեպքում անհայտ է հայկական գյուղերի ճակատագիրը, մեր կոմունիկացիաները մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ, որը բերելու է նոր խնդիրների, կան անվտանգության հարցեր, բացի դրանից, այս իշխանությունները ադրբեջանական զորքերը մոտեցնելու են Հայաստանի սահմանին՝ Սյունիքի ողջ հատվածում լինելու է նոր սահման։ Սաղաթելյանը նշեց, որ մանրամասն կուսումնասիրեն խնդիրները և մանրամասն դրանց մասին կխոսեն հաջորդ հանրահավաքի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ